2024թ.-ի սեպտեմբերի 19-ին #Juremonia հարթակի քրեական արդարադատության ոլորտում գործունեություն ծավալող հասարակական կառույցների ներկայացուցիչները հանդիպեցին ՄԱԿ-ի Քրեական արդարադատության ծրագրերի ղեկավար Վերա Տկաչենկոյի և բանտային ոլորտի միջազգային փորձագետ Ֆիլիպ Մեյսներին։ Ոլորտային փորձագետները Հայաստան էին ժամանել ՀՀ ԱՆ հրավերով` բանտային համակարգում կարիքների գնահատում իրականացնելու համար։
Հարթակի շրջանակներում հանդիպման նպատակը քաղաքացիական հասարակության տեսանկյունից ՀՀ քրեակատարողական ոլորտում առկա բացերի, խնդիրների, հնարավոր լուծումների, դրական կողմերի մասին ծանոթանալն էր:
Բարձրաձայնվեցին հարցեր, որոնք վերաբերում էին ներդրված նոր խափանման միջոցին (տնային կալանք), ՔԿՀ-ներում դատապարտյալների և կալանավորված անձանց քանակական անհամամասնությանը, ոլորտային ռազմավարական փաստաթղթի և դրան կից գործողությունների պլանի հաստատման մարմնի փոփոխության, ազատազրկմանն այլընտրանքային պատժի միջոց հանդիսացող հանրային աշխատանքների մասնակի կատարմանը, առաջարկվող աշխտանքների սահմանափակ լինելուն, ինչպես նաև ՔԿՀ-ներում կրթության կազմակերպման մեթոդներին:
Փորձագետների առաջարկով ներկաները անդրադարձան նաև ոլորտային բարեփոխումների անհրաժեշտությանը. ոլորտում ներգրավել շահառուների հետ վերասոցիալականացման աշխատանքներ իրականացնող փորձառու մասնագետներ, իրականացնել մարդկային և ֆինանսական ռեսուրսների համամասնական կառավարում, համապատասխանեցնել շահառուների տրամադրվող ծառայությունները միջազգային չափորոշիչներին, համալրել հանրային աշխատանքի համար առաջարկվող աշխատանքների ցանկը…
Փորձագետների խոսքով, ոլորտային գնահատում իրականացնելիս, հանդիպման ժամանակ արված գրանցումները ևս կիրառում կունենան: