News

Քննարկվել են Արցախից տեղահանվածների իրավական և ինտեգրման խնդիրները և իրականացվող ծրագրերը

2024թ.-ի սեպտեմբերի 6-ին կայացած #Ջուրեմոնիա հարթակի հանդիպման շրջանակում քննարկվել և ներկայացվել են Արցախից տեղահանվածների իրավական, սոցիալ-հոգեբանական խնդիրներին առնչվող հարցեր: 2023թ.-ի սեպտեմբերին տեղի ունեցած դեպքերից հետո, ԵՄ ֆինանսական աջակցությամբ ընթացող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» ծրագրի շրջանակում, հայտարարվել էին 2 ճգնաժամային ենթադրամաշնորհներ` ԼեռնայինՂարաբաղից բռնի տեղահանված անձանց համար արդարադատության  մատչելիության ապահովման և իրենց բնակության նոր համայնքներում աջակցման և հարմարեցման  ապահովման թեմաներով:

Մեկ տարի տևողությամբ 2 ծրագրերի շրջանակներում, «Ընտանիք և համայնք» և «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կառույցները Արցախից տեղահանված անձանց հետ իրականացրել և իրականացնում են աշխատանքներ` նպատակ ունենալով ապահովել նրանց ինտեգրումը նոր միջավայրում` որպես համայնքի լիիրավ անդամ, ուժեղացնել իրավունքների պաշտպանության մեխանիզմները, հաղթահարել պատերազմի հետևանքով կորուստների  տրավմաները:

Ենթադրամաշնորհ ստացած կառույցները Ծրագրերի իրականացման ընթացքում առերեսվել են բազմաթիվ խնդիրների (բռնի տեղահանված անձանց սոցիալական կարիքների գնահատման իրավական կարգավորման մեխանիզմի բացակայություն, կառավարության որոշման տարբեր հավելվածների միջև անհամապատասխանություններ, նման հարցերով առանձնացված և գործող թեժ գծի առկայության բացակայություն, որոշ համայնքներում հոգեբանական ծառայության իսպառ բացակայության…): Նման խնդիրները նախկինում ինչ-որ կերպ համակարգել է Արցախի օպերացիոն շտաբը, սակայն այն այլևս չի գործում:

Հարկ է նշել, որ առկա են ՄԱԿ-ի տարբեր կառույցների կողմից առաջարկվող մոտեցումներ, չափորոշիչներ, նորմեր և ստանդարտներ, որոնք կիրառելի են նմանատիպ իրավիճակներում հայտնված երկրների համար: Նման մի քանի փաստաթղթեր ուսումնասիրվեց նաև հարթակի հանդիպման ժամանակ և որոշվեց դրա հիման վրա պատրաստել առաջարկությունների փաթեթ, որը կներկայացվի համապատասխան կառույցներին:

Բարձրաձայնված անպատասխան հարցերի պատասխանների ստացման, բռնի տեղահանված անձանց համար առկա ծրագրերի և որոշ խնդիրների լուծման հնարավոր ուղիներ գտնելու նպատակով, որոշվեց կազմակերպել նպատակային ֆորում, ուր կհրավիրվեն մասնակցելու պետական, միջազգային, քաղաքացիական հասարակարության կառույցների ներկայացուցիչներ և շահառուներ: