Research

Պատժից ազատման թերկարգավորումները ՀՀ քրեակատարողական նոր օրենսգրքում

 ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ գլուխը նվիրված է պատժից ազատելուն:

Նշված գլխում թվարկված են պատժից ազատելու հիմքերը: Դրանք են՝

  1. Պատիժը պայմանականորեն չկիրառելը (հոդված 84)
  2. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելը (հոդված 85)
  3. Հղի կնոջ կամ խնամքին մինչև 6 տարեկան երեխա ունեցող անձի պատժի կատարումը հետաձգելը (հոդված 86)
  4. Պատժից ազատելը կամ պատիժը հետաձգելը հիվանդության հետևանքով (հոդված 87)
  5. Պատիժն ավելի մեղմ պատժով փոխարինելը կամ պատժից ազատելը (հոդված 88)
  6. Պատժից ազատելն արտակարգ հանգամանքների հետևանքով (հոդված 89)
  7. Պատժից ազատելը մեղադրական դատավճռի վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով(հոդված 90)

Նշվածներից հետաքրքրություն է ներկայացնում Պատիժն ավելի մեղմ պատժով փոխարինելը կամ պատժից ազատելը հիմքը: Քրեական նոր օրենսգրքում տեղ գտած այս ինստիտուտը բովանդակային առումով լիովին տարբերվում է քրեական նախկին օրենսգրքում տեղ գտած՝ պատիժն ավելի մեղմ պատժով փոխարինելու ինստիտուտից:

Քրեական նախկին օրենսգիրքը նախատեսում էր, որ ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործության համար ազատազրկում կրող անձի պատժի չկրած մասը դատարանը կարող էր փոխարինել ավելի մեղմ պատժատեսակով՝ հաշվի առնելով պատժից պայմանական վաղաժամկետ ազատման հիմք հանդիսացող, անձին, նրա վարքագիծը, ռիսկայնությունը բնութագրող հանգամանքները և դրանց վերաբերյալ քրեակատարողական ծառայության և պրոբացիայի ծառայության զեկույցները:

Քրեական նոր օրենսգիրքը նման հնարավորություն չի ընձեռում, այլ նախատեսում է պատիժն ավելի մեղմ պատժով փոխարինելու կամ պատժից ազատելու հնարավորություն միայն այն դեպքում, եթե դատավճիռը կայացնելուց հետո ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնց հետևանքով նշանակված պատժատեսակի կատարումն օբյեկտիվորեն անհնարին է դարձել:

Օրինակ՝ կարգապահական գումարտակում պատիժ կրող անձի մոտ ի հայտ են եկել այնպիսի առողջական խնդիրներ, որոնք անհնարին են դարձրել նրա կողմից նշված պատժատեսակի կրումը, ավելին՝ դատապարտյալին դարձրել են զինվորական ծառայության համար ոչ պիտանի: Նման դեպքերում դատարանը նշանակված հիմնական կամ լրացուցիչ պատիժը կամ դրա չկրած մասը փոխարինում է ավելի մեղմ պատժով, իսկ պատիժն ավելի մեղմ պատժով փոխարինելու անհնարինության դեպքում դատապարտյալին ազատում է պատիժը կրելուց: Ընդ որում, քրեական նոր օրենսգիրքը նաև չի նախատեսում որևէ սահմանափակում ըստ հանցանքի ծանրության, հետևաբար այն հնարավոր է կիրառել ինչպես ոչ մեծ կամ միջին ծանրության, այնպես էլ ծանր կամ առանձնապես ծանր հանցանքի կատարման դեպքում:

Բավականին հետաքրքրական այս հիմքը կիրառման իմաստով մեր դիտարկմամբ ունի որոշակի խնդիրներ:

ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 25-րդ գլուխը նվիրված է պատժից ազատելուն: 130-րդ հոդվածում սահմանված են պատժից ազատելու հիմքերը, որոնք ներառում են նաև ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հիմքերը: Մեզ հետաքրքրում են այն հիմքերը, որոնց կիրառումը կապված է դատարան դիմելու հետ: Դրանք են՝

1) պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելը.

2) պատժի կատարումը հետաձգելը.

3 պատժից ազատելը կամ պատիժը հետաձգելը հիվանդության հետևանքով.

4) պատիժը կամ դրա չկրած մասը ավելի մեղմ պատժով փոխարինելու անհնարինության դեպքում պատժից ազատելը.

5) պատժից ազատելն արտակարգ հանգամանքների հետևանքով.

Հատկանշական է, որ Քրեակատարողական օրենսգրքում սահմանված է յուրաքանչյուր հիմքի դեպքում առանձին կարգավորում, իսկ «պատիժը կամ դրա չկրած մասը ավելի մեղմ պատժով փոխարինելու անհնարինության դեպքում պատժից ազատելը» չունի անդրադարձ:

Մասնավորապես, բացակայում է նշված հիմքը գործարկելու  կառուցակարգը: Քանի որ նշված հիմքի գործարկման դեպքում պատիժը կամ դրա չկրած մասը ավելի մեղմ պատժով փոխարինելու անհնարինության դեպքում պատժից ազատելը իրականացնում է դատարանը, հետևաբար անհրաժեշտ է դատական վարույթի նախաձեռնում, դրա համապատասխան սուբյեկտ, իրականացման կառուցակարգ:

Մնացած հիմքերի դեպքում, երբ կրկին դատարանն է որոշում, առկա են համապատասխան կարգավորումները: Այսպես, Քրեակատարողական օրենսգրքի 133-րդ հոդվածում նախատեսված է Ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ներկայացման կարգը: Նշված հոդվածով մանրամասն նկարագված է նման վարույթի նախաձեռնման կառուցակարգը, դատարան ներկայացնելու սուբյեկտը:

Նույն օրենսգրքի 134-րդ հոդվածի համաձայն՝ կարգավորված է Կարգապահական գումարտակում պահվող դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ներկայացման կարգը, ըստ որի՝ Կարգապահական գումարտակի հրամանատարությունըընդունում է դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը դատարան ներկայացնելու մասին որոշում, եթե դատապարտյալը տալիս է գրավոր համաձայնություն, և յոթ աշխատանքային օրվա ընթացքում միջնորդագրով ներկայացնում դատարան:

Նույն օրենսգրքի 135-րդ հոդվածի համաձայն կարգավորված է Հիվանդության հետևանքով պատժից ազատելու մասին միջնորդություն ներկայացնելը, որի համաձայն՝ Հիվանդության հետևանքով պատժից ազատելու միջնորդությունը օրենքով սահմանված դեպքերում դատարան է ներկայացնում պրոբացիայի ծառայողը կամ քրեակատարողական հիմնարկի պետը, դատապարտյալը կամ նրա փաստաբանը՝ բժշկական կամ հոգեբուժական հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում։

Նույն օրենսգրքի 136-րդ հոդվածի համաձայն կարգավորված է Պատժի կատարումը հետաձգելու կարգը, որի համաձայն՝ պատժի կատարումը հետաձգելու մասին միջնորդությունը դատարան է ներկայացնում պրոբացիայի ծառայողը կամ քրեակատարողական հիմնարկի պետը, դատապարտյալը կամ նրա փաստաբանը:

Նույն օրենսգրքի 137-րդ հոդվածի համաձայն կարգավորված է Արտակարգ հանգամանքների հետևանքով պատժից ազատելու կարգը, որի համաձայն՝ պատժից ազատելու մասին միջնորդությունը դատարան է ներկայացնում պրոբացիայի ծառայողը կամ քրեակատարողական հիմնարկի պետը, դատապարտյալը կամ նրա փաստաբանը:

ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 29-րդ գլուխը նվիրված է դատական ակտերի կատարման փուլում դատական վարույթին: 151-րդ հոդվածում նշված է, որ Դատապարտյալն իրավունք ունի դիմելու դատական ակտ կայացրած դատարան` դատական ակտի կատարումը հետաձգելու, հիվանդության կամ հետաձգման ժամկետը լրանալու հետևանքով պատժից ազատելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ հարցերի մասին միջնորդություններով:

156-րդ հոդվածում կարգավորված է Դատական ակտերն ի կատար ածելու հետ կապված, ինչպես նաև պատժի կատարման ընթացքում ի հայտ եկող հարցերի լուծման կարգը: Նշված հոդվածի 1-ին մասում նշված է, որ Դատական ակտերն ի կատար ածելու հետ կապված, ինչպես նաև պատժի կատարման ընթացքում ի հայտ եկող հարցերը դատարանը քննում է դատական նիստում` դատապարտյալի, իսկ այն դեպքում, երբ միջնորդությունը ներկայացրել է պատիժ կատարող հիմնարկը կամ մարմինը, ապա նաև վերջինիս ներկայացուցչի մասնակցությամբ:

Նշվածից հասկանալի է, որ ընդհանուր առմամբ դատարանին նման հարցերով կարող է դիմել՝

  1. Դատապարտյալը կամ
  2. պատիժ կատարող հիմնարկը կամ
  3. պատիժ կատարող մարմինը

Սակայն, ինչպես վերևում նշվեց, պատիժ կատարող հիմնարկի կամ մարմնի դեպքում անհրաժեշտ է հատուկ կարգավորում: Այսինքն, պատիժ կատարող հիմնարկը կամ մարմինը պետք է օժտված լինի նման լիազորությամբ, որպեսզի իրականացնի այն:

Օրինակ, որպես ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարումն ապահովող մարմին՝ պրոբացիայի ծառայությունը չունի նման լիազորություն: «Պրոբացիայի մասին» օրենքում բացակայում է որևէ ուղիղ կարգավորում: Նշված օրենքում առկա է միայն պատիժն ավելի մեղմ պատժով փոխարինելու վերաբերյալ զեկույցը տրամադրելու մասին կարգավորում, որը վերաբերում է նախկին քրեական օրենսգրքում սահմանված կառուցակարգին (ազատազրկումն ավելի մեղմ պատժով փոխարինելուն):

Սակայն քրեական օրենսգրքի 88-րդ հոդվածով նախատեսված հիմքը վերաբերում է բոլոր պատիժներին: Ուստի կարող ենք արձանագրել, որ ազատազրկման հետ չկապված պատիժների մասով նշանակված հիմնական կամ լրացուցիչ պատիժը կամ դրա չկրած մասը ավելի մեղմ պատժով փոխարինելու կառուցակարգ և նման լիազորություն պրոբացիայի ծառայությունը նունպես չունի:

Որպես պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող սուբյեկտ՝ դատախազությունը նույնպես զրկված է նման լիազորությամբ:

Դատախազության մասին օրենքի 28-րդ հոդվածով սահմանվում են դատախազի լիազորությունները պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելիս: Ըստ այդ հոդվածի 6-րդ մասի՝ Դատախազն օրենքով սահմանված կարգով մասնակցում է դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պայմանական վաղաժամկետ ազատումը վերացնելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու, ծանր հիվանդության կամ արտակարգ հանգամանքների հետևանքով պատժից ազատելու վերաբերյալ միջնորդությունների քննությանը դատարանում:

Ինչպես տեսնում ենք, օրենքով սահմանված կարգը բացակայում է, մնացած դրսևորումները սահմանված են քրեակատարողական օրենսգրքով:

Ամփոփելով վերը նշվածը՝ կարող ենք եզրահանգել, որ Քրեակատարողական օրենսգրքում բացակայում է «պատիժը կամ դրա չկրած մասը ավելի մեղմ պատժով փոխարինելու անհնարինության դեպքում պատժից ազատելը» հիմքի գործարկման  դատավարական կարգը: Այն սուբյեկտները, ովքեր լիազորված են քրեական օրենսգրքով նախատեսված պայմանների առկայության դեպքում դատարան դիմելու:

Քրեակատարողական օրենսգրքի 151-րդ հոդվածի ընդհանուր կանոնից կարելի է միայն բխեցնել, որ դատապարտյալն իրավունք ունի դիմելու դատական ակտ կայացրած դատարան` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ  նախատեսված այլ (տվյալ դեպքում պետք է հասկանալ քրեական օրենսգրքի 88-րդ հոդվածը) հարցերի մասին միջնորդություններով: Սակայն այս մեկնաբանությունը չափազանց խոցելի է, քանի որ դատապարտյալի չնախաձեռնելու դեպքում, պատիժ կատարող մարմինը, որն առաջինն է գնահատում կատարման անհնարինությունը, զրկված է նման նախաձեռնությունից:

Առաջարկում ենք

  • քրեակատարողական օրենսգրքում կատարել լրացում՝ «պատիժը կամ դրա չկրած մասը ավելի մեղմ պատժով փոխարինելու անհնարինության դեպքում պատժից ազատելը» հիմքի գործարկման համար նախատեսել ուղիղ կարգավորում, որտեղ կկարգավորվեն առնվազն՝
    • այն սուբյեկտները, որոնք իրավասու են գնահատել դատավճիռը կայացնելուց հետո ի հայտ եկած այնպիսի հանգամանքներ, որոնց հետևանքով նշանակված պատժատեսակի կատարումն օբյեկտիվորեն անհնարին է դարձել: Այս չափանիշի տակ առաջարկվում է նման լիազորությունը վերապահել պատիժը կատարող հիմնակներին և մարմիններին՝ նման այլ դեպքերում սույն մարմինների կողմից միջնորդություններ ներկայացնելու գործող ձևաչափի նմանությամբ:
    • Դատարան դիմելու ընթացակարգ: Այս չափանիշի տակ առաջարկվում է դատարան դիմելու լիազորություն տրամադրել պատիժը կատարող հիմնակներին և մարմիններին:
    • Դատական ակտերի բողոքարկման լիազորություն տրամադրել նաև պատիժը կատարող հիմնակներին և մարմիններին, այն դեպքերում, երբ վերջիններս են համապատասխան միջնորդությամբ նախաձեռնել դատական վարույթ:

  • Նշվածով պայմանավորված համապատասխան փոփոխություններ կատարել հարակից օրենքներում, մասնավորապես «Պրոբացիայի մասին», «Դատախազության մասին» օրենքներում:

2.1. «Պրոբացիայի մասին» օրենքի 6-րդ գլխում նախատեսել համապատասխան կարգավորումներ, որոնք կվերաբերվեն Պրոբացիայի կողմից կատարվող պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժով փոխարինելու դեպքերում,  ինչպես նաև պատիժն ավելի մեղմ պատժով փոխարինելու անհնարինության դեպքում դատապարտյալին պատիժը կրելուց ազատելու վերաբերյալ համապատասխան միջնորդությամբ դատարան դիմելու լիազորություն և կարգ:

2.2. «Դատախազության մասին» օրենքում կատարել համապատասխան փոփոխություն այն դեպքում, եթե վերոնշյալ լիազորությունները նպատակահարմար լինի տրամադրել պատիժների և հարկադրանքի միջոցների նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: