Research

Նորույթ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքից

Դատավարության կողմերը նախօրոք կիմանան թե որ ապացույցներն են անթույլատրելի

ՀՀ գործող քրեական դատավարության օրենսգրքում հստակ սահմանված է ապացույցների թույլատրելիության հարցի քննարկման փուլը: Նախկին օրենսգրքով հստակ լուծում տրված չէր և գործնականում ապացույցի թույլատրելիության հարցին դատարանն անդրադառնում էր խորհդակցական սենյակում դատավճիռ կայացնելիս: Թեև կողմերը զրկված չէին համապատասխան միջնորդություններ ներկայացնել, սակայն, որպես կանոն (չհաշված առանձին բացառություններ) դատարանը նման միջնորդությունների լուծումը հետաձգում էր, մնացած ապացույցների հետ գնահատելու և դրա թույլատրելիությունը որոշելու համար և դրան անդրադառնում էր դատավճռով: Միայն դատավճիռ կայացնելուց հետո էր պարզ դառնում, որ այս կամ այն ապացույցը դատարանը ճանաչել է անթույլատրելի:

ՀՀ գործող քրեական դատավարության օրենսգրքի 335-րդ հոդվածը կարգավորում է նշված հարցը: Ըստ այդ հոդվածի՝

«1. Բոլոր ապացույցները հետազոտելուց հետո դատարանը կողմերին հարցնում է, թե արդյոք նրանք միջնորդում են անթույլատրելի ճանաչել որևէ հետազոտված ապացույց:

  1. Միջնորդությունը բավարարվելու դեպքում դատարանը կայացնում է տվյալ ապացույցն անթույլատրելի ճանաչելու մասին որոշում` առանձին փաստաթղթի ձևով, իսկ միջնորդությունը մերժելու դեպքում` կայացնում է որոշում:
  2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված միջնորդությունների հարցը քննարկելուց և լուծելուց հետո դատարանն իրավասու է իր նախաձեռնությամբ քննարկման առարկա դարձնելու հետազոտված ցանկացած ապացույցի անթույլատրելիության հարցը: Ապացույցն անթույլատրելի ճանաչելու որոշումը կայացվում է առանձին փաստաթղթի ձևով:»:

 Իսկ նույն օրենսգրքի 336-րդ հոդվածը սահմանում է.

«1. Ապացույցների անթույլատրելիության հարցը քննարկելուց և լուծելուց հետո, ինչպես նաև մեղադրանքը փոփոխելու և լրացնելու վերաբերյալ հանրային մեղադրողի միջնորդության բացակայության դեպքում դատարանն ավարտում է ապացույցների հետազոտումը և հայտարարում կողմերի եզրափակիչ ելույթներին անցնելու մասին:

  1. Դատարանը կողմերին պարզաբանում է, որ նրանք եզրափակիչ ելույթներում, իuկ դատարանը` դատական ակտ կայացնելիu, կարող են հիմնվել միայն այն ապացույցների վրա, որոնք հետազոտվել են դատաքննության ընթացքում և չեն կարող վկայակոչել կամ օգտագործել անթույլատրելի ճանաչված ապացույցները:»:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՐԾԻՔ

Նշված հոդվածների վերլուծությունից բխում է, որ ապացույցների թույլատրելիության հարցը քննարկվում է մինչև եզրափակիչ ելույթներին անցնելը: Ի դեպ, այն կարող է քննարկվել նաև անկախ կողմերի միջնորդությունից՝ դատարանի նախաձեռնությամբ: Ստացվում է, որ բոլոր դեպքերում կողմերին նախօրոք՝ մինչև եզրափակիչ ելույթներին անցնելը, բացահայտվում է թույլատրելի ապացուցների շրջանակը: Նշված փոփոխությունն, ինչ խոսք, դրական տեղաշարժ է, և մտցնում է հստակություն, թե որ ապացույցների վրա է կարելի կառուցել եզրափակիչ ելույթները: Այն արդեն բացառում է եզրափակիչ ելույթները «անթույլատրելի» ապացույցների վրա կառուցելը, որը հաճախ անակնալի էր բերում այս կամ այն կողմին: Ավելի հստակեցվում է, թե դատարանը որ ապացույցներն է թույլատրելի համարում և որոնց վրա պետք է հիմնվեն կողմերը: Ապացուցողական զանգվածի առումով, կարելի է ասել նաև, որ որոշակի կանխատեսելիություն է առաջ գալիս: