Research

Ե՞րբ կարող է իրականացվել քրեական վարույթ առանց մեղադրյալի

ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը սահմանել է կառուցակարգ, երբ մեղադրյալի բացակայությամբ կարող է իրականանալ քրեական վարույթ:

Օրենսգրքի 476-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ մեղադրյալի բացակայությամբ վարույթը իրականացվում է միայն այն դեպքում, երբ մեղադրյալը խուսափում է քրեական վարույթին մասնակցելուց:

Այսինքն, հեռակա վարույթ կարող է իրականացվել, եթե մեղադրյալը պատշաճ ծանուցված է իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդման մասին, իսկ քրեական վարույթն իրականացնող մարմինն իր հերթին ձեռնարկել է անհրաժեշտ և բավարար միջոցներ վարույթին մեղադրյալի մասնակցությունն ապահովելու համար։

Օրենսդիրը սահմանել է նաև այն դեպքերը, երբ այնուամենայնիվ արգելվում է առանց մեղադրյալի վարույթ իրականացնելը:  Օրենսգրքի 476-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է. «Հեռակա վարույթ չի կարող իրականացվել, եթե՝

1) մեղադրյալի մասնակցությունը վարույթին անհնար է հարգելի պատճառով.

2) մեղադրյալն անչափահաս է.

3) մեղադրյալը ենթադրյալ հանցանքը կատարել է անմեղսունակության վիճակում կամ ունի պատժի նշանակումը կամ կատարումն անհնար դարձնող հոգեկան առողջության խնդիր, կամ առկա է մեղադրյալի՝ այդպիսի վիճակում լինելու վերաբերյալ ողջամիտ կասկած:

Հեռակա վարույթն սկսելու պահից պաշտպանի մասնակցությունը պարտադիր է։

Եթե մեղադրյալը չունի վարույթին ներգրավված պաշտպան, ապա հեռակա վարույթ սկսելուց հետո՝ եռօրյա ժամկետում, քննիչը խուսափող մեղադրյալին, իսկ դրա օբյեկտիվ անհնարինության դեպքում նրա մերձավոր ազգականներից որևէ մեկին ուղարկում է տվյալ մեղադրյալի նկատմամբ հեռակա վարույթ իրականացնելու մասին որոշման պատճենը և տրամադրում տասնօրյա ժամկետ պաշտպան հրավիրելու համար, ինչպես նաև գրավոր պարզաբանում է հեռակա վարույթ իրականացնելու և այդ ժամկետում պաշտպան չհրավիրելու հետևանքները:

Այդ ժամկետում պաշտպան չհրավիրվելու դեպքում քննիչը Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատից պահանջում է նշանակել պաշտպան։

Հեռակա վարույթում մեղադրյալի բոլոր իրավունքներն իրականացվում են պաշտպանի միջոցով, բացառությամբ մեղադրյալի անձից անբաժանելի իրավունքների։ Մեղադրյալի անձից անբաժանելի իրավունքները չեն իրականացվում։

Հեռակա վարույթով կայացված և օրինական ուժի մեջ չմտած դատական ակտը պաշտպանության կողմը, ի թիվս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված հիմքերի, կարող է բողոքարկել նաև հեռակա վարույթի կիրառման ոչ իրավաչափ լինելու հիմքով՝ Օրենսգրքով սահմանված կարգով։