News

Արդարադատության մատչելիության վերաբերյալ նոր մոդուլների մշակում ԵՊՀ-ում

Ամփոփվել է բարձրագույն ուսումնական հաստատությունների համար (ԲՈՒՀ) հայտարարված երկրորդ դրամաշնորհային մրցույթը, որը իրականացվում է ԵՄ ֆինանսական աջակցությամբ ընթացող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (JUREMONIA) ծրագրի շրջանակում:

Հայտարարված ենթադրամաշնորհի նպատակն էր օժանդակել հայաստանյան ԲՈՒՀ-երին Արդարադատության մատչելիության ոլորտում մշակել նոր մոդուլներ և/կամ  կրթական ծրագրեր:
Ուրախ ենք տեղեկացնել, որ  այս մրցույթում հաղթող է ճանաչվել Երևանի պետական համալսարանի ներկայացրած հայտը:
2024 թվականի հոկտեմբերի 1-ին«Սոցիալական արդարություն» ՀԿ-ն և Երևանի պետական համալսարան (ԵՊՀ) հիմնադրամը պաշտոնապես կնքեցին պայմանագիր` արդարադատության մատչելիության վերաբերյալ 2 մոդուլների մշակման նպատակով: Մոդուլները կներառվեն ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի «Քրեական արդարադատություն և փաստաբանություն» մագիստրոսական կրթական ծրագրում:

         

«Խոշտանգման արգելք. միջազգային չափանիշներ և լոկալ պրակտիկա» և «Պատժից պայամնականորեն ազատելու տեսական և գործնական հիմնախնդիրները» մոդուլները իրենց ազդեցությունը կունենան նաև մարդու իրավունքների և արդարադատության ոլորտի հետ առնչվող պրոֆեսիոնալների գործունեության վրա:

Հարկ է նշել, որ երկու մոդուլներն էլ սերտորեն առնչվում են 2023-2026 թվականների ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության հետ:

Կրթական ենթադրամաշնորհի տևողությունը մեկ տարի է ( 01.10.2024-01.10.2025): Մշակված նոր մոդուլները կներդրվեն կրթական ծրագրերում արդեն 2025-2026 ուսումնական տարում: