2024թ․-ի հունիսի 25-ին տեղի ունեցավ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի (ՆՍՀԿ) կողմիցիրականացված «Դատապարտյալների կրթության իրավունքը» ենթադրամաշնորհային ծրագրի ամփոփիչ հանդիպումը: Ենթադրամաշնորհային ծրագիրը իրականացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ընթացող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» ծրագրի շրջանակում։
Հանդիպման նպատակն էր շահագրգիռ կողմերին ներկայացնել և քննարկել 2022թ.-ի օգոստոսի 1-ից ուժի մեջ մտած «Կրթության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 7-րդ մասի լրացման արդյունքում քրեակատարողական հիմնարկներում պատիժը կրող 19 և բարձր տարիքի դատապարտյալների համար իրականացվող «Իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակության և կրթական ծրագրերի իրականացում՝ առանց տարիքային սահմանափակման» հանրակրթական ծրագրի ուսումնասիրության հիման վրա, ՆՍՀԿ-ի կազմված Զեկույցը և Քաղաքականության համառոտագիրը։
Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական կենտրոնական մարմնի, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի, ՀՀ-ում Կանադայի, ԱՄՆ, Ֆրանսիայի դեսպանության, ԱՄՆ ՄԶԳ-ի, այլ պետական ու միջազգային կառույցների, ինչպես նաև քաղհասարակության ներկայացուցիչներ։
Հանդիպումը մեկնարկեց ՆՍՀԿ մարդու իրավունքների և շահերի պաշտպանության, ինչպես նաև «Դատապարտյալների կրթության իրավունքը» ենթադրամաշնորհային ծրագրի համակարգող Ալինա Միրզոյանի բացման խոսքով։ Վերջինս ողջունեց մասնակիցներին, ներկայացրեց իրականացված ծրագիրը, ծրագրի շրջանակներում կատարված ուսումնասիրության նպատակները՝ հույս հայտնելով շահագրգիռ կողմերի հետ լիարժեքհամագործակցությամբ ապահովել Զեկույցում վեր հանված խնդիրների արդյունավետ լուծում և դատապարտյալների համար իրականացվող հանրակրթական ծրագրի բարելավում։
Այնուհետև, ողջույնի խոսքով հանդես եկավ ենթադրամաշնորհատու կազմակերպության՝ «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ Արշակ Գասպարյանը՝ անդրադարձ կատարելով «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» ծրագրին, դրա շրջանակում ուսումնասիրվող ուղղությունների ռազմավարություններին, ստեղծված JUREMONIA հարթակին, նպատակներին և իրականացվող գործունեությանը։
Ողջույնի խոսքերից հետո ՆՍՀԿ իրավական հարցերով փորձագետ, ինչպես նաև կատարված ուսումնասիրության և զեկույցի հեղինակ Շուշան Խնկոյանը ներկայացրեց զեկույցը, կատարված ուսումնասիրությունը և վերլուծությունը, վեր հանված խնդիրները և դրանց լուծմանն ուղղված առաջարկությունները։
Հանդիպումն ամփոփվեց ակտիվ հարց ու պատասխան-քննարկումով, որի ընթացքում մասնակից կառույցների ներկայացուցիչները, այդ թվում՝ ՀՀ պետական կառույցի ներկայացուցիչներ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարող Սյուզաննա Մակյանը և ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետի տեղակալ Հովհաննես Մարգարյանը ներկայացրին իրենց հարցերը և մեկնաբանությունները կատարված ուսումնասիրության և զեկույցի վերաբերյալ։ Վերջիններս նույնպես նշեցին, որ խնդիրներ առկա են, և աշխատանքներ կատարվում են դրանց լուծման ուղղությամբ, ինչպես նաև պատրաստակամություն հայտնեցին՝ ուշադրություն դարձնել հանդիպման ընթացքում և զեկույցում վեր հանված հիմնահարցերին ու առաջարկներին, համագործակցելու առկա խնդիրների և խոչընդոտների վերացման, իրականացվող հանրակրթական ծրագրի լավարկման նպատակով։
Ուսումնասիրության Զեկույցը, քննարկումների ընթացքում վեր հանված հարցերի, հնչեցրած կարծիքների ու առաջարկների հիման վրա կլրամշակվի և կուղարկվի բոլոր շահագրգիռ կողմերին:
Հաջորդիվ կկազմակերպվի հանդիպում-քննարկումների շարք ոլորտը կարգավորող իրավական և գործնական փաստաթղթերում փոփոխություններ անելու նկատառումով` ի նպաստ ՔԿՀ-ներում անխոչընդոտ հանրակրթության կազմակերպման: