2023թ.-ի մարտի 31-ին տեղի ունեցավ Ջուրեմոնիա հարթակի անդամների երրորդ հանդիպումը, որը իրականացվում է ԵՄ ֆինանսական աջակցությամբ ընթացող JUREMONIA ծրագրի շրջանակում:
Ծրագրի փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը (դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտներ) հարթակի անդամներին ամփոփ ներկայացրեց իրականացված ելակետային հետազոտությունները, որոնք վերաբերում էին 2019-2023 դատաիրավական և 2019-2022 հակակոռուպցիոն ոլորտների ռազմավարություններին։ Փորձագետը նշեց, որ ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության հիման վրա մշակվել են 103 գործողությունների և ենթագործողությունների ծրագրեր, որից 2019-2021թթ․-ների ընթացքում կատարվել է միայն դրանց 32%-ը։
Ավելացվել են դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեցող մարմինները.
- Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը.
- Լիազոր մարմինը (ՀՀ արդարադատության նախարարությունը).
- Կոռուպցիայի Կանխարգելման Հանձնաժողովը (ԿԿՀ)՝ գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրերում խնդիրներ հայտնաբերելու դեպքում։
Նախատեսվել է Դատավորների ընդհանուր ժողովի, Էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողովի և Գնահատման և Ուսումնական հարցերի հանձնաժողովների ձևավորման նոր կարգ: Այս բարեփոխումը ընդունելի է եղել նաև Վենետիկի հանձնաժողովի կողմից։ Սակայն հանձնաժողովը հայտնել է նաև մտահոգությունններ, մասնավորապես`
- Կարգապահական հարցերի հանձնաժողովը կազմված է բացառապես դատավորներից, ինչը կարող է առաջացնել կորպորատիվ մոտեցում որդեգրելու ռիսկ։ Որպես այս ռիսկի չեզոքացման հնարավոր տարբերակներից, հանձնաժողովը առաջարկել էր Կարգապահական հարցերի հանձնաժողովում ունենալ բալանսավորված կազմի մոտեցում՝ դատավոր և ոչ դատավոր անդամների ներգրավվածությամբ։
- Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի գործունեության վիճակագրությունը հանրությանը հասանելի չէ։ Կատարված հետազոտական աշխատանքները վկայում են այն մասին, որ հանձնաժողովին ներկայացված դատավորի նկատմամբ վարույթ հարուցելու մասին հաղորդումների ճնշող մեծամասնությունը մերժվում է հանձնաժողովի կողմից: Մերժման մասին հաղորդում ներկայացրած անձանց տրամադրվում է գրություն, որը պատճառաբանված չէ, և հաղորդում ներկայացրած անձը օբյեկտիվորեն զրկված է պատճառաբանված որոշում ստանալու հնարավորությունից։ Սա էլ իր հերթին հնարավորություն չի տալիս իրականացնել Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի գործունեության նկատմամբ պատշաճ և արդյունավետ հանրային վերահսկողություն, ինչպիսի պայմաններում չի ապահովվում նաև հանձնաժողովի գործունեության թափանցիկությունը։
Ըստ ռազմավարության՝ պետք է իրականացվեր Դատավորների և նրանց աշխատակազմի համաչափ վարձատրություն, դատավորների և նրանց աշխատակազմի թվաքանակի ավելացում: Սակայն, համաձայն կատարված օրենսդրական փոփոխությունների՝ Հակակոռուպցիոն դատարանի դատավորին տրվում է հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 60 տոկոսի չափով, իսկ Վերաքննիչ քրեական դատարանի կոռուպցիոն հանցագործությունների գործերը քննող առանձին դատավորներին և վերաքննիչ քաղաքացիական դատարանի քաղաքացիական դատավարության կարգով պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության հայցերով և «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա գույքի բռնագանձման հայցերով հարուցված քաղաքացիական գործեր քննող առանձին դատավորներին՝ պաշտոնային դրույքաչափի 55 տոկոսի չափով։ Փաստացի, կատարված գործողությունը վերաբերում է թվարկված սահմանափակ թվով դատավորների, այն ինչ Ռազմավարությունը նման սահմանազատում չի նախատեսում և ենթադրում է բոլոր դատավորներին համաչափ վարձատրություն։
Դատավորների թվաքանակի ավելացումը մեծամասամբ իրականացվել է մասնագիտացված դատարաններում։ Մասնավորապես, ավելացվել է հակակոռուպցիոն և մինչդատական վարույթի վերաբերյալ գործերով մասնագիտացված դատավորների թիվը։ Այս ամենի արդյունքում, դեռևս շարունակվում է չլուծված մնալ դատական համակարգի ծանրաբեռնվածությունը, մարդու արդար դատաքննության իրավունքի արդյունավետ իրականացումը։ Հավելում, որ գործող դատավորների աշխատակազմերում թվակազմի ավելացում տեղի չի ունեցել։
Դատավորների բարեվարքության ստուգումներ անցկացնելու համար առանձին ընթացակարգ է սահմանվել ԿԿՀ մասին օրենքի 26.1 հոդվածով։
Սակայն, Դատավորների բարեվարքության եզրակացությունները հասանելի չեն: Անհնար է գնահատել այս գործառույթի արդյունավետությունը, իրականացնել արդյունավետ հանրային վերահսկողություն և վերլուծել, թե տրամադրված եզրակացություններից (լինի այն դրական, թե՝ բացասական) քանիսն են հաշվի առնվել որոշումների կայացման ժամանակ և ինչքանով են դրանք ամբողջական տեղեկություններ պարունակում թեկնածուի բարեվարքության վերաբերյալ։
Իրավական համակարգի բարեփոխումներում նախատեսված են եղել երկու ուղղությամբ գործողություններ` Դատախազության համակարգի բարեփոխում և Քննչական մարմինների բարեփոխում։
Օրենսդրական բարեփոխումների ներքո ամփոփվել են քրեական և քրեադատավարական, քաղաքացիական և քաղաքացիական դատավարության օրենսդրության, և վարչական արդարադատության և վարչական վարույթի բարեփոխումները։
Արդարադատության օժանդակմանն ուղղված համակարգերիներքո ներկայացված են եղել նպատակներ, որոնք վերաբերվել են սնանկության, վեճերի լուծման այլընտրանքային համակարգերին։
ՀՀ չորրորդ՝ 2019-2022 թվականների Հակակոռուպցիոն ռազմավարության հիման վրա մշակվել էր դրանից բխող միջոցառումների ծրագիրը, որտեղ իրականացման ենթակա գործողությունները ներկայացված են հինգ ոլորտներում՝ ներառելով ընդհանուր թվով 48 գործողություն, որոնցից
- 6-ը՝ Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի զարգացման,
- 25-ը՝ Կոռուպցիայի կանխարգելման,
- 10-ը՝ Կոռուպցիոն գործերի քննության,
- 6-ը՝ Հանրային իրազեկման և հակակոռուպցիոն կրթության, և
- 1-ը՝ Մշտադիտարկման, հսկողության և դրա վերաբերյալ հանրային հաղորդակցության ոլորտներում։
Ընդհանուր առմամբ, Ռազմավարությամբ նախատեսված գործողությունների ծրագրի կատարողականը հետազոտության ժամանակահատվածում գնահատվել է «միջին»՝ հաշվի առնելով, որ ամբողջությամբ կատարված գործողությունների մասնաբաժինը ցածր էր 50%-ից, իսկ մասնակի կատարված գործողությունների մասնաբաժինը մոտ էր 50%-ին։
Ռազմավարությունում Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի զարգացումը ներառել է
- Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորում և բնականոն գործունեության ապահովում
- Հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանների ստեղծում
- ՀՀ Գլխավոր դատախազությունում հակակոռուպցիոն ստորաբաժանումների ստեղծում
Կոռուպցիայի կանխարգելում ոլորտում իրականացվել է բարեվարքության ստուգման գործիքների ներդրում և Ծախսերի հայտարարագրման համակարգի ներդրում
Կոռուպցիոն գործերի քննության ոլորտի ներքո ռազմավարությամբ նախատեսված գործողությունները ուղղված են եղել կոռուպցիոն գործերի քննությանը, որը, ի թիվս այլնի, ներառում է հետևյալ գործողությունները.
- ՀՀ քրեական օրենսգրքով կոռուպցիոն հանցագործությունների շրջանակի հստակեցում;
- ՀՀ քրեական օրենսգրքում ամրագրված կոռուպցիոն հանցագործությունների հանցակազմերի միջազգային չափանիշների համապատասխանության հարցի ուսումնասիրություն, անհրաժեշտության դեպքում կոռուպցիոն հանցագործությունները միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու վերաբերյալ առաջարկությունների ներկայացում;
- Կոռուպցիոն առանձին հանցագործությունների, այդ թվում՝ ապօրինի հարստացման, քննության մեթոդիկայի մշակում, մշակված մեթոդիկայի հիման վրա քրեական հետապնդման մարմինների վերապատրաստում;
- Կոռուպցիոն հանցագործությունների մասին վիճակագրության համալրում;
- Պետական մարմինների էլեկտրոնային բազաներին քրեական հետապնդման մարմինների հասանելիության ապահովում էլեկտրոնային հարցման եղանակով;
- Կոռուպցիոն իրավախախտումների համար իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու ինստիտուտի ներդրում։
Հանրային իրազեկում և հակակոռուպցիոն կրթություն ոլորտի ներքո ռազմավարությամբ նախատեսված գործողությունները ուղղված են հանրային իրազեկմանը և հակակոռուպցիոն կրթությանը, որը, ի թիվս այլնի, ներառել է՝
- Հանրային իրազեկման տարեկան արշավի ծրագրի մշակում, հաստատում և իրականացում;
- «Հակակոռուպցիոն քաղաքականության հիմունքներ» առարկայի ներառում բոլոր բարձրագույն ուսումնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասավանդման մոդուլներում;
- Քաղաքացիական ծառայության համակարգում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ իրազեկվածության բարձրացում, վերապատրաստումների իրականացում՝ այդ թվում կոռուպցիայի կանխարգելման, բարեվարքության, «Մարդու իրավունքներ» թեմայով։
Մշտադիտարկում, հսկողություն և դրա վերաբերյալ հանրային հաղորդակցություն ոլորտի ներքո ռազմավարությամբ նախատեսված է եղել 1 գործողություն, այն է՝ Կոռուպցիայի, հանրային վստահության մակարդակի և հակակոռուպցիոն միջոցառումների ազդեցության վերաբերյալ պարբերական հարցումների իրականացում հասարակության շրջանում, հարցումների արդյունքների հրապարակում։
Ելակետային հետազոտությունների ներկայացումից հետո, քննարկվեցին նաև Հարթակին անդամակցելու համար նոր կանոնակարգային մոտեցումների մշակման հարցերը։