News

Հանրային աշխատաքները որպես վերականգնողական արդարադատության միջոց. Զեկույցի ներկայացում

2024թ․-ի հունիսի 27-ին տեղի ունեցավ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից իրականացված «Հանրային աշխատանքները՝ որպես վերականգնողական արդարադատության արդյունավետ միջոց» ենթադրամաշնորհային ծրագրի եզրափակիչ շնորհանդեսը և հանրային քննարկումը: Ենթադրամաշնորհային ծրագիրըիրականացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ընթացող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» ծրագրի շրջանակում։

Հանդիպման նպատակը ծրագրի շրջանակում իրականացված հետազոտության արդյունքների հիման վրա պատրաստված Զեկույցի և Քաղաքականության համառոտագրի ներկայացումն էր, ուր զետեղված են Հայաստանի Հանրապետությունում հանրային աշխատանքներ պատժատեսակի օրենսդրական կարգավորումների, պրակտիկ կիրառելիության խնդիրների, արդյունավետության, միջազգային փորձին վերաբերող հարցեր, չափանիշներ ու դիտարկումներ։

Մեկ տարի տևողությամբ ծրագիրը իրականացվել է ՀՀ 3 մարզերում և Երևանում, որպես շահառուներ ներգրավված են եղել դատավորներ, դատախազներ, փաստաբան, գործատուներ Պրոբացիայի ծառայության շահառուներ և ծառայողներ:

Քննարկմանը ներկա էին Հայաստանի Հանրապետության Պրոբացիայի ծառայության, Գլխավոր դատախազության, Ազգային ժողովի, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, Փաստաբանների պալատի, պետական և համայնքային այլ մարմինների, գործատու կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց հանրային աշխատանքներ պատժատեսակի նշանակման և կատարման փուլերում առկա առանձնահատկություններին և խնդիրներին, այդ թվում՝ ՀՀ օրենսգրքով հանրային աշխատանքներ պատժատեսակի կարգավորումներին, հանրային աշխատանքների տեսակներին, գործատու կազմակերպությունների հետ համագործակցության և վերահսկողության մեխանիզմներին, այս պատժատեսակի կատարման այլ առանձնահատկություններին, ինչպես նաև հետազոտական թիմի առաջարկներին։ Քննարկման ընթացքում ոլորտում գործունեություն իրականացնող մարմինների և կառույցների ներկայացուցիչների կողմից հնչեցին դիտարկումներ և կարծիքներ հանրային աշխատանք պատժատեսակի ոլորտային խնդիրների վերաբերյալ և ներկայացվեցին առաջարկություններ։

Հարց ու պատասխանի, վերլուծությունների և կառուցողական համագործակցության հենքով իրականացված հանդիպման արդյունքում որոշվեց հետազոտության Զեկույցում և Քաղաքականության համառոտագրում իրականացնել որոշակի լրամշակումներ։

Հաջորդիվ պլանավորվում է «Հանրային աշխատանքները՝ որպես վերականգնողական արդարադատության արդյունավետ միջոց» ծրագիր Զեկույցում դուրս բերված խնդիրների և դրանց լուծումների առաջարկությունների փաթեթը, «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» ծրագրի շրջանակում ստեղծված Ջուրեմոնիա հարթակի անդամների հետ միասին, ներկայացնել ոլորտի դերակատարներին` ոլորտային բարեփոխումների ապահովման նկատառումով: