News

Մշտադիտարկման և գնահատման զեկույց. Ոստիկանության բարեփոխումներ

2025 թվականի սեպտեմբերի 29-ին Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ընթացող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (JUREMONIA) ծրագրի «Արդյունավետ և ներառական ոստիկանական բարեփոխումների հանրային վերահսկողություն և իրազեկում» ենթադրամաշնորհի շրջանակում Իրավաբանների հայկական ասոցիացիան կազմակերպել էր ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարության 2024-2026 թթ․ գործողությունների ծրագրի 2024-2025 թթ․ (I կիսամյակ) իրականացման ենթակա գործողությունների հասարակական մշտադիտարկման և գնահատման զեկույցի ներկայացման եզրափակիչ միջոցառումը։

Միջոցառմանը մասնակցում էին ներկայացուցիչներ ՀՀ ներքին գործերի նախարարությունից, ՀՀ արդարադատության նախարարությունից, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, ՄԻՊ աշխատակազմից, UNDP-ից, հասարակական կառույցներից, համալսարաններից:

Զեկույցը պատրաստելու համար դիտարկվել էին  ռազմավարությամբ նախատեսված 53 գործողությունների իրականացումը։ Ռազմավարությունը գնահատվել է երկու մակարդակում՝ քանակական և որակական։ Առանձնացվել են երեք ոլորտ, որոնց ուղղություններով էլ կատարվել են որակական գնահատումներ՝ մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարում և բարեվարքության ամրապնդում, համայնքային ոստիկանության վերաիմաստավորում, ոստիկանական բարեփոխումների շրջանակներում միջազգային համագործակցություն:

Վերլուծության արդյունքում ձևավորվել են նաև առաջարկությունները, որոնք կարելի է բաժանել երկու խմբի՝ մեթոդական և բովանդակային։

Զեկույցի ներկայացումը միջոցառմանը եղել է հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում փորձագետներն ու ՆԳՆ ներկայացուցիչը անդրադարձել են մասնակիցների կողմից բարձրացված հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ ռազմավարության ուղղությունների, նախատեսված գործողությունների և դրանց իրականացման ընթացքի վերաբերյալ։

Այս մշտադիտարկման նպատակը եղել է խնդիրների վերհանումը՝ օգնելու և աջակցելու նպատակով, քանի որ  բոլորիս ցանկությունն է ունենալ պրոֆեսիոնալ, արդյունավետ, հասարակության լայն շրջանակների վստահությունը վայելող ոստիկանություն:

Շատ ոգևորիչ էր, որ ենթադրամաշնորհի շրջանակներում հայտարավել էր նաև «Խոսի՛ր արդարության մասին» էսսեների և «Պատկերի՛ր արդարությունը» նկարչական մրցույթները, որոնց արդյունքները ևս ամփոփվեցին միջոցառման ընթացքում։ Մրցույթներից յուրաքանչյուրում եղել են հաղթողներ 3 կարգերում: Հատուկ մրցանակների են արժանացել 4 մասնակից: Մասնակիցները եղել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի դպրոցներից, համալսարաններից և միջին մասնագիտական հաստատություններից:

«Պատկերի՛ր արդարությունը» նկարչական մրցույթի արդյունքները հետևյալն են՝
1️⃣Գոհար Չիչյան (Գեղարքունիքի մարզ, 19 տարեկան)
2️⃣Գոհար Կիրակոսյան (Գեղարքունիքի մարզ, 17 տարեկան)
3️⃣Սարգիս Մկրտչյան (Արագածոտնի մարզ, 16 տարեկան)
Հատուկ մրցանակակիրներ՝ Ռադիկ Մադաթյան (Լոռու մարզ, 16 տարեկան), Աննա Ոսկանյան (Լոռու մարզ, 21 տարեկան)։
«Խոսի՛ր արդարության մասին» շարադրությունների մրցույթի արդյունքները հետևյալն են՝
1️⃣Սուսաննա Էլբակյան (Արմավիրի մարզ, 20 տարեկան)
2️⃣Նարեկ Խաչատրյան (ք․ Երևան, 16 տարեկան)
3️⃣Աննա Ղազարյան (Լոռու մարզ, 17 տարեկան)
Հատուկ մրցանակակիրներ՝ Անահիտ Հովհաննիսյան (ք․ Երևան, 34 տարեկան), Մարիա Մանվելյան (ք․ Երևան, 17 տարեկան)։