2024թ.-ի հունիսի 20-ին «Սոցիալական արդարություն» ՀԿ թիմը ջատագովության աշխատանքների շրջանակում հանդիպեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանին` քննարկելու համար ԵՄ ֆինանասկան աջակցությամբ ընթացող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» ծրագրի գործառույթներով պայմանավորված համագործակցության հնարավորությունները:
Քննարկման կենտրոնում էր 2024-2026 թվականների Քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների ռազմավարության իրականացման մշտադիտարկման աշխատանքների կազմակերպումը:
«Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ Գայանե Հովակիմյանը, հղում անելով տվյալ ոլորտում ՀԿ-ի ունեցած փորձագիտական ներուժին, իրականացված հետազոտություններին, ռազմավարական փաստաթղթերի մշակման մասնակցայնությանը, հավելեց, որ ներկա ծրագրի շրջանակում կարող է տրամադրվել փորձագիտական օգնություն` կարիքների հստակ սահմանման և դրանց ծրագրային համապատասխանության պարագայում:
Սույնի հաստատում է նաև նույն ծրագրի շրջանակում, պետության կարիքների հստակ ձևակերպմամբ պայմանավորված, պետական կառույց և ՀԿ համագործակցության նախադեպային փորձը, ինչի շնորհիվ «Սոցիալական արդարություն» ՀԿ և Բանտային բարեփոումների միջազգային կազմակերպությունների փորձագիտական թիմերի համատեղ մշակված երկու ձեռնարկները աջակցելու են ոլորտային մասնագետներին ինքնավնասումների կանխարգելման, ինչպես նաև երեխայակենտրոն և գենդերազգայուն խուզարկությունների աշխատանքներում։
Հանդիպմանը խոսվեց նաև դատարաններում հոգեբանների ներգրավվածության ապահովման անհրաժեշտությունից և տվյալ աշխատանքները հստակ կանոնակարգելու հարցերից:
Պարոն Քոչարյանը նշեց, որ նախարարությունը նույնպես կարևորում է ոլորտում գործողկարգավորումների վերանայման անհրաժեշտությունը՝ հոգեբանների և սոցիալականաշխատողների դերը ավելի նպատակային և արդյունավետ դարձնելու նկատառումով։
Հանդիպման ավարտին ձեռք բերվեց պայմանավորվածություն, ՀՀ արդարադատության նախարարության կողմից կարիքների հստակեցումից հետո, համագործակցել 2024-2026 թվականների Քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների ռազմավարության աշխատանքները մշտադիտարկելու ուղղությամբ։ Խոսվեց նաև ծրագրի իրականացման ընթացքում համագործակցության շարունակականության ապահովման մասին։