Event

Փորձագետի ներգրավում Քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների ռազմավարության մշտադիտարկման աշխատանքներում

2025 թ.-ի հուլիսի 1-ին Արդարադատության նախարարությունում տեղի ունեցավ հանդիպում #ՋՈՒՐԵՄՈՆԻԱ ծրագրի կոնսորցիումի անդամ «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի և Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության զարգացման վարչության պետի միջև։ Հանդիպման նպատակը ծրագրի շրջանակում փորձագետի ներգրավման հնարավորության քննարկումն էր՝ իրականացնելու համար ոլորտի ռազմավարության գնահատում, ինչպես նաև դրանով աջակցելու ԱՆ նախարարությանը Քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների նոր ռազմավարության մշակման  գործընթացում։

Նախարարության ներկայացուցիչները նշեցին, որ կարևոր է իրականացնել ռազմավարության իրականացման գնահատում, պարզել առկա բացերն ու մարտահրավերները, ինչպես նաև մշակել  առաջարկությունների փաթեթ, որոնք հնարավոր կլինեն ներառել ոլորտի նոր ռազմավարական փաստաթղթում։

ՀՀ ԱՆ Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության զարգացման վարչության պետ տիկին Կլարա Գասպարյանը ներկայացրեց ոլորտային քաղաքականության այն փաստաթղթերը, որոնք ներկայումս գտնվում են շրջանառության մեջ, և խոստացավ կիսվել դրանցով ծրագրային թիմի հետ՝ նախատեսվող աշխատանքներում կիրառելու նպատակով։

Նախարարության մասնագետները հայտնեցին իրենց պատրաստակամությունը աջակցելու #ՋՈՒՐԵՄՈՆԻԱ ծրագրի շրջանակում ոլորտային փորձագիտական աշխատանքների իրականացմանը՝ տրամադրելով անհրաժեշտ տեղեկատվություն և օժանդակություն փորձագիտական հարցազրույցների կազմակերպման հարցում։