2025թ.-ի հունիսի 6-ին «Սոցիալական արդարություն» ՀԿ գրասենյակում տեղի ունեցավ ՋՈՒՐԵՄՈՆԻԱ հարթակի հերթական հանդիպումը, որին մասնակցում էին ՀՀ արդարադատության նախարարության, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի, ՀՀ առողջապահության նախարարության Պրոբացիայի ծառայության, ինչպես նաև գործընկեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Հանդիպման առաջին հատվածում ՋՈՒՐԵՄՈՆԻԱ ծրագրի իրավական հարցերով փորձագետը ներկայացրեց «ՀՀ քրեական արդարադատության համակարգում երեխայազգայուն մոտեցումների և երեխայի լավագույն շահի ապահովման նոր կառուցակարգերը հոգեբանի ծառայությունների ներգրավման համատեքստում» խորքային վերլուծությունը։ Նա նշեց, որ հիմնական կարգավորման մեջ առկա չէ հոգեբանի մասնակցության դերակատարությունը և նպատակը, չկան գործունեության կանոնակարգման էթիկական գործառութային նկարագրեր։ Հաջորդիվ ընթացավ քննարկում երեխաների պաշտպանության, քրեական արդարադատության ոլորտում հոգեբանական ծառայությունների տրամադրման առկա կարգավորումների, պրակտիկայի, առկա խնդիրների և դրանց լուծումների շուրջ։ Նշվեց պրակտիկայում հոգեբաններին գործերը ուղղորդելու ոչ կանոնակարգված ընթացակարգի մասին, որի արդյունքում մեկ հոգեբան կարող է վարել 0 գործ, մյուսը՝ 100 և ավելի` առաջացնելով տարբեր ռիսկեր։ ՀՀ ԱՆ ներկայացուցիչները առանձնացրին խնդրի կարևորությունը` հայցելով Հարթակի աջակցությունը փոփոխությունների նախագծերի մշակման հարցում։ Հարթակի անդամները իրենց խոսքում առաջարկեցին այս գործընթացներում նախատեսել նաև համայնքային կառույցների հոգեբանների ներառումը` համապատասխան որակավորում ստանալուց հետո:
Հանդիպման վերջում ներկայացվեց նաև ՋՈՒՐԵՄՈՆԻԱ հարթակի նոր անդամ՝ «Իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպությունը, որի ներկայացուցիչը Հարթակի կանոնադրության ստորագրումից հետո մասնակիցներին ծանոթացրեց կազմակերպության գործունեությանը և համագործակցության հնարավորություններին։
Հանդիպումը անցավ հագեցած քննարկումների մթնոլորտում, ինչը նպաստեց հարթակի գործընկերների միջև համագործակցության առավել ամրապնդմանը։
Պայմանավորվածություն ձեռք բերվեց աջակցել ՀՀ ԱՆ-ին նախագծերի մշակման և վերանայման հարցում, ինչպես նաև Հարթակի շրջանակում ապահովել հոգեբանների որակավորման քննությունների մասին հայտարարության տարածում, որպեսզի անդամ կառույցների մասնագետները իրազեկ լինեն մասնակցության հնարավորության մասին։