News

Նոր այլընտրանքային խափանման միջոցներ

ℹ 2022թ.-ի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ նոր քրեական դատավարության օրենսգրքով նախատեսվել են նոր այլընտրանքային խափանման միջոցներ, որոնք մինչ այդ չեն կիրառվել ՀՀ-ում։ Դրանք են՝

  1. տնային կալանքը
  2. վարչական հսկողությունը

Նշված խափանման միջոցները կարող է կիրառել միայն դատարանը:

 Տնային կալանքի մեկ օրը հավասար է կալանքի մեկ օրվան: 

🟠 Տնային կալանքը մեղադրյալի ազատության այնպիսի սահմանափակում է, որի ընթացքում նա պարտավոր է չլքել դատարանի որոշման մեջ նշված բնակության տարածքըԴատարանի որոշման մեջ նշվում են նաև կոնկրետ սահմանափակումները, որոնք տարածվում են մեղադրյալի վրա, ինչպես նաև իրավասու այն մարմինը, որին հանձնարարվում է այդ սահմանափակումների պահպանման նկատմամբ վերահսկողությունը:

🟠 Տնային կալանքի պարագայում դատարանի որոշմամբ մեղադրյալին կարող է արգելվել 👇

  1. ունենալ նամակագրություն, հեռախոսային խոսակցություններ, օգտվել հաղորդակցության այլ ձևերից, այդ թվում՝ փոստային առաքանուց.
  2. շփում ունենալ որոշակի անձանց հետ կամ իր բնակության վայրում հյուրընկալել այլ անձանց:

🟠 Տնային կալանքը պարագայում հեռախոսային խոսակցություններ ունենալու արգելքը չի տարածվում շտապ բժշկական օգնություն, իրավապահ մարմիններ կամ արտակարգ իրավիճակներում փրկարար ծառայություն կանչելու, ինչպես նաև վերահսկողություն իրականացնող մարմնի հետ կապ հաստատելու դեպքերի վրա։ Այդ մասին մեղադրյալն անհապաղ տեղեկացնում է վերահսկողություն իրականացնող մարմնին։

🟠 Մեղադրյալի վարքագծի նկատմամբ հսկողությունը դատարանի որոշմամբ իրականացվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված հատուկ էլեկտրոնային միջոցներով: Մեղադրյալը պարտավոր է իր վրա մշտապես կրել նշված էլեկտրոնային հսկողության միջոցները, չվնասել դրանք, ինչպես նաև արձագանքել իրավասու մարմնի հսկողության ազդանշաններին:

🟠 Վարչական հսկողությունը մեղադրյալի տեղաշարժման և գործողությունների ազատության սահմանափակումն է, որի պայմաններում նա պարտավոր է ոչ հաճախ, քան շաբաթը երեք անգամ գրանցվել դատարանի որոշման մեջ նշված վայրի իրավասու մարմնում:

Դատարանի որոշմամբ մեղադրյալին կարող է արգելվել նաև`

1) առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության փոխել մշտական կամ ժամանակավոր բնակության վայրը՝ համայնքը, իսկ Երևան քաղաքում՝ վարչական շրջանը.

2) այցելել որոշման մեջ նշված որոշակի վայրեր.

3) հաղորդակցվել որոշակի անձանց հետ.

4) օրվա որոշակի ժամերի լքել իր բնակության տարածքը, սակայն ոչ ավելի, քան 12 ժամը:

Նշված արգելքները սահմանելիս հաշվի են առնվում մեղադրյալի առողջական վիճակը, ինչպես նաև աշխատանքի և ուսման պայմանները:

Ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 483-րդ հոդվածի (անցումային դրույթներ) տնային կալանքի և վարչական հսկողության վերաբերյալ հոդվածներն ուժի մեջ են մտել 2023 թվականի հունվարի 1-ից: