News

Պրոբացիայի կին շահառուների վերասոցիալականացման խնդիրները և 19 և բարձր տարիքի դատապարտյալների կրթության իրավունքը ՀՀ-ում

2024թ.-ի մայիսի 31-ին կայացավ Հարթակի հերթական հանդիպումը, որտեղ որպես  բանախոսներ հանդես եկան «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Նարե Հովհաննիսյանը և «Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ իրավաբան   Շուշան Խնկոյանը: Հանդիպման քննարկումները վերաբերում էին Պրոբացիայի ծառայության կին շահառուների վերասոցիալականացման խնդիրներին և Հայաստանում դատապարտյալների կրթության իրավունքին:

Նարե Հովհաննիսյանը Պրոբացիայի կին շահառուների վերասոցիալականացման խնդիրների մասին խոսելիս նշեց, որ  Պրոբացիայում աշխատանքների տարանջատման նպատակով ծառայության կենտրոնական մարմնում  ստեղծվել է վերականգնողական և վերասոցիալականացման առանձին բաժին: Բաժնի ստեղծմամբ շատացել եննախաձեռնությունները՝ այցելություն թանգարաններ, դասընթացների իրականացում, վերապատրաստումներ…։

Դրական փոփոխությունների առանձնացումից զատ խոսվեց Պրոբացիայի կադրային հոսքերից: Նոր նշանակված անձանց ոչ պատրաստվածությունը համակարգում անարդյունավետ աշխատանքի մթնոլորտ է ստեղծում:

Հատուկ առանձնացվեց, որ կին շահառուների մոտ ավելացել են առողջական խնդիրները, սակայն սուղ են բուժման գործիքակազմերը: Նրանց նկատմամբ մոտեցումները պետք է համապատասխանեն գործող իրավակարգերին, որոնցով  հստակ սահմանվում է վերահսկողության պահանջները և շահառուների Ծառայություն ներկայանալու քանակները:

Կանանց և երեխաների պահման պայմանների առումով առանձնակի վերլուծվեց Աբովյան ՔԿՀ-ում առկա ոչ պատշաճ վիճակը: Նարե Հովհաննիսյանի վերլուծություններից հետո առաջարկվեց ՔԿՀ-ներում երեխաների պահման պայմանների վերաբերյալ փոքրիկ հետազոտություն իրականացնել ՝պարզելու, թե արդյոք դրանք համատապասխանում են միջազգային նորմերին, որին կհաջորդիՀարթակի անունից դրա վերաբերյալ առաջարկների և լուծումների փաթեթի ներկայացումը պետական կառույցներին:

Հանդիպման հաջորդ բանախոսը «Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ իրավաբան   Շուշան Խնկոյան     էր։ Նա ներկայացրեց ԵՄ ֆինանսական աջակցությամբ ընթացող «Դատապարտյալների կրթության իրավունքը Հայաստանում» ենթադրամաշնորհային ծրագրի վերջնական զեկույցի նախագծային տարբերակը: 2023թ.-ի հուլիսին մեկնարկած և մեկ տարի տևողությամբ ծրագրի նպատակն է եղել վերլուծել ՀՀ 6 քրեակատարողական հիմնարկներում պատիժը կրող անձանց կրթության իրավունքի հարցերը՝ համաձայն 2022թ.-ի օգոստոսի 1-ից ուժիմեջ մտած «Կրթության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 7-րդ մասի լրացման: Քրեակատարողական հիմնարկներում պատիժը կրող 19 և բարձր տարիքի դատապարտյալների համար իրականացվող հանրակրթական ծրագրի ուսումնասիրությամբ դուրս են բերվել խնդիրներ, ինչպիսիք են հատուկ կարիք ունեցող անձանց ընդգրկման հարցերը, դասարանների բաշխման ժամանակ կրթվողների տարիքային տարեբերություններով պայմանավորված խնդիրները, հեռավար կրթության կազմակերպման անհնարինության պատճառները, դասերի անցկացման ժամերի համընկնումը ներքին այլ գործոնների հետ…: Առանձնացվեց քննությունների կարգի, վկայականի ստացման գործընթացները, ուր խնդիր է առաջանում այն աձանց համար, ովքեր մասնակցում են դասըթնացներին, բայց վաղաժամկետ ազատման պարագայում զրկվում են քննությունը հանձնելու և ավարտական վկայական ստանալու հնարավորությունից։

Զեկույցի վերջնական ներկայացումը կլինի 2024թ.-ի հունիսի 25-ին, որից հետո Հարթակի անդամների հետ միասին կիրականացվի զեկույցի հիման վրա պատրաստված Քաղաքականության համառոտագրի ջատագովության փուլը` ՀՀ  ոլորտային դերակատարների ներգրավմամբ: