News

Մեդիա մշտադիտարկումներ արդարադատության բարեփոխումների համատեքստում

2024թ.-ի դեկտեմբերի 18-ին կայացած «Ջուրեմոնիա» հարթակի հերթական հանդիպման շրջանակում ներկայացվեցին և քննարկվեցին ԵՄ ֆինանսական աջակցությամբ ընթացող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» ծրագրի շրջանակում 2 մեդիա ենթադրամաշնորհների արդյունքները:

Հանդիպման առաջին բանախոսը  «Հետաքննող լրագրողներ» ՀԿ լրագրող Սառա Պետրոսյանն էր, ով ներկայացրեց «Աջակցություն քաղաքացիների արդար դատաքննության իրավունքի պաշտպանությանը» ենթադրամաշնորհի վերջնական արդյուքները (ծանոթանալ ամբողջական Զեկույցին):

Սույն ծրագրով մշտադիտարկել է 2022-2026  թթ.-ի դատաիրավական բարեփոխումների ռազմավարության «Դատական համակարգի բարեփոխումների շարունակական ապահովում» նպատակի ներքո ներառված գործողությունների իրականացումը։ Առավել հանգամանալից մշտադիտարկվել է սահմանված ժամանակետներում ընդհանուր իրավասության դատարանների և վարչական դատարանի ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով պլանավորված գործողությունների կատարումը, դրանք նվազեցնելու համար կիրառված գործիքակազմերի արդյունավետությունը և համակարգի վրա ունեցած ազդեցությունը։

Կատարված աշխատանքների արդյունքում  պարզ է դառնում, որ ռազմազմավարության ծրագրում դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու չափելի ցուցանիշներ չեն ներառվել,  դեռևս չեն հրապարակվել  գործերի քննության ողջամիտ ժամկետների կիսամյակային ու տարեկան զեկույցները, քրեական գործեր և քաղաքացիական գործեր քննող դատարանների բեռնաթափման առումով ԱՆ ներկայացրած վիճակագրություններում բացակայում է հիմնավորումը, բացահայտվել են դատաքննությունը ձգձգելու այլ պատճառներ (կալանավորին ՔԿՀ-ից դատարան չեն բերում՝ ուղեկցող անձնակազմի ծանրաբեռնված լինելու, մեքենա, վառելանյութ չլինելու, վկաներին դատական նիստերին չապահովելու, դատական նիստերի դահլիճների ծանրաբեռնվածության պատճառներով)։

Հաջորդիվ ներկայացվեց «Սիվիլիթաս» հիմնադրամի իրականացրած «Վերլուծելով Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարությունը (2019-2022)» մեդիա ենթադրամաշնորհի վերջնական արդյուքները: Հիմնադրամի լրագրող Գևորգ Թոսունյանը ներկայացրեց ենթադրամաշնորհի նպատակը և կատարված մշտադիտարկման արդյունքները։ Ուսումնասիրվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի թափանցիկության խնդիրները, բացահայտվել է նվերների ռեեստրի չներդրման խնդիրը, վերլուծվել են դատարկ հաստիքների հարցերը, իրականացվել է ապօրինի ծագում ունեցող գույքի վերլուծություն: Հետազոտության համար կիրառված գործիքակազը եղել է բազմավեկտոր. մշտադիտարկվել են կայքէջեր, ուսումսասիրվել են ազդարարման համակարգը, գործադիր և օրենսդիր մարմինների ազդեցիկ կանանց գույքային հայտարարագրերը, կատարվել է այցելություն Աբովյանի քրեակատարողական հիմնարկ, հետազոտվել են դատարանների և բանտերի խցային պայմանները, վերլուծվել են Հրազդանի կիրճի հողահատկացումների խնդիրները և ուսումնասիրվել է Օղակաձև զբոսայգու վարձակալությունների հարցը։

                           

Հանդիպման ավարտին եղան առաջարկություններ զեկույցների սեղմագրեր կազմելու,  դրանց թարգմանությունը իրականացնելու, տեղական և միջազգային կառույցներին ներկայացնելու, քննարկումներ կազմակերպելու և նմանատիպ թեմաներով գիտական թեզեր և աշխատություններ գրելու համար ուսանողական համայնքին  մոտիվացնելու մասին: