2025թ.-ի հոկտեմբերի 8-ին «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներիմշտադիտարկում» (#JUREMONIA) ծրագրի շրջանակում կայացավ Հանցավորության դեմ պայքարի 2025-2030թթ. ռազմավարության նախագծի ներկայացումն ու հանրային քննարկումը` մասնավորապես #ՋՈՒՐԵՄՈՆԻԱ հարթակի և այլ գործընկեր հասարակական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Հանդիպմանը մասնակցում էին նաև պետական մարմինների ներկայացուցիչներ ՀՀ Արդարադատության նախարարությունից, ՆԳ նախարարությունից, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից և այլ կառույցներից։ Քննարկման նպատակն էր ներկայացնել ռազմավարական ծրագրի հիմնական ուղղությունները, ինչպես նաև հավաքագրել մասնակիցների դիտարկումներն ու առաջարկները՝ փաստաթուղթը առավել համապարփակ և արդյունավետ դարձնելու համար։
Ռազմավարական փաստաթղթի քննարկումն առաջին անգամ էր քաղաքացիական հասարակության շրջանում, մինչդեռ այն մի քանի անգամ արդեն քննարկվել և շրջանառվել էր ոլորտային կառույցների ներկայացուցիչների շրջանում:
«Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ Գայանե Հովակիմյանը իր ողջույնի խոսքում ընդգծեց, որ Հանցավորության դեմ պայքարի ռազմավարական ծրագիր և դրան կից գործողությունների պլան ՀՀ-ում մշակվում են առաջին անգամ: Այն ունենալու անհրաժեշտությունը և կարևորությունը նախապես քննարկվել էր ՆԳՆ բարձրաստիճան ներկայացուցիչների և Նիդերլանդների հելսինկյան կոմիտեի ներկայացուցիչների միջև` վերջիններիս Հայաստան կատարած այցի ժամանակ: Համագործակցության մեկնարկը և սույն գաղափարի իրագործումը հնարավոր եղավ իրականացնել ԵՄ ֆինանսական աջակցությամբ ընթացող #JUREMONIA ծրագրի շրջանակում:

Այս Նախաձեռնությունը նպատակ ունի քաղաքացիական հասարակաության մասնակցայնությամբ աջակցել ՆԳ նախարարությանը` արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկման համատեքստում՝ նպաստելով ռազմավարական փաստաթղթի առավել թիրախային և իրատեսական մշակմանը։
ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Նատալի Սահակյանը իր ելույթում նշեց, որ ռազմավարական այս փաստաթուղթը առանձնահատուկ կարևորություն ունի նախարարության համար, քանի որ այն լրացնում է նախկինում բաց թողնված մի կարևոր դաշտ՝ հանցավորության կանխարգելման հարցերի համակարգային և միջգերատեսչական կարգավորման առումով։ Նա հավելեց, որ փաստաթղթի ընդունումը նախարարության համար ոչ միայն կարևոր առաջընթաց է, այլև հանձնառություն՝ ուղղված տվյալների հավաքագրման և վերլուծության համակարգերի բարելավմանը, որոնք ներկայումս ունեն որոշակի անհամապատասխանություններ և խոչընդոտում են հանցավորության դեմ արդյունավետ պայքարին։
Փորձագետ Առնոլդ Վարդանյանը Հանցավորության դեմ պայքարի ռազմավարության ծրագիրը մշակել է միջազգային փորձի ուսումնասիրության, առաջնահերթություն պահանջող խնդիրների տարանջատումով ու առկա ռեսուրսների գնահատմամբ:
Քաղաքացիական հասարակության մասնակցությամբ հանդիպման ընթացքում հնչած առաջարկությունների և քննարկումների հենքով Հանցավորության դեմ պայքարի ռազմավարական փաստաթղթում կիրականացվի լրամշակումներ:
Կարդացեք նաև.
Հանցավորության դեմ պայքարի ռազմավարական ծրագրի մշակումը՝ ՆԳ նախարարության հանձնառություն
