News

Կրթական նոր մոդուլների մշակում ԵՊՀ-ում

2025թ.-ի հոկտեմբերի 20-ին ԵՄ ֆինանսական աջակցությամբ ընթացող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (#JUREMONIA)ծրագրի շրջանակներում Երևանի պետաան համալսարանում տեղի ունեցավ կլոր սեղան ձևաչափով հանդիպում, որը վերաբերում էր նոր մշակված երկու կրթական մոդուլների թեմաների քննարկմանը:

«Խոշտանգման արգելք. միջազգային չափանիշներ և լոկալ պրակտիկա» և «Պատժից պայմանականորեն ազատելու տեսական և գործնական հիմնախնդիրները» մոդուլները մշակվել են Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի կողմից` մեկ տարի տևողությամբ կրթական ենթադրամաշնորհի միջոցներով: ԵՊՀ հիմնադրամը կրթական ենթադրամաշնորհ ստացել էր «Սոցիալական արդարություն» ՀԿ-ից:

 

Միջոցառմանը մասնակցում էին, ՀՀ Արդարադատության նախարարության, Գլխավոր դատախազության, Քննչական կոմիտեի, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, Պրոբացիայի ծառայության, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկանը և դասախոսները, Արդարադատության ակադեմիայի դեկանը,  ինչպես նաև այլ պետական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և իրավակիրառ գործունեություն ծավալողտեսաբան-գիտնականներ, ովքեր իրենց մասնագիտական գործունեության ընթացքում առնչվում են խոշտանգումների և պատժից պայմանական ազատման հետ կապված խնդիրներին։

 

Հանդիպման բացումը ազդարարվեց #JUREMONIA ծրագրի կոնսորցիումի անդամ` Նիդերլանդների հելսինկյան կոմիտեի ներկայացուցիչ, ծրագրի համակարգող Կեյթ Շիփլեյի առցանց խոսքով, ով կարևորեց ծրագրի ակադեմիական հատվածում նման ձեռքբերում ունենալը:

Հաջորդիվ, «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ Գայանե Հովակիմյանը իր խոսքում ընդգծեց վերոնշյալ թեմաների խորքային ուսումնասիրության կարևորությունը ապագա իրավաբանների պատրաստման գործընթացում։ Նա նաև նշեց, որ այս մոդուլները կարող են ընդգրկվել կամընտրական դասընթացների ցանկում՝ հնարավորություն ընձեռելով այլ ֆակուլտետների ուսանողներին ևս ձեռք բերել բազային գիտելիքներ այս ոլորտներում։ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Հարություն Խաչիկյանը իր ելույթում կարևորեց համագործակցությունը, նշեց որ համատեղ աշխատանքում հատկապես մատնանշելի են եղել գործնական խնդիրները, որոնք շատ կարևոր են տեսական և գործնական աշխատանքների համադրման ընթացքում: Իրավագիտության ֆակուլտետի Քրեական իրավունքի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աննա Մարգարյանը, ով ծրագրի ակադեմիական պատասխանատուն էր, ներկայացրեց, որ մոդուլները մշակվել են կարիքների գնահատման և միջազգային փորձի ուսումնասիրման հենքով: Պրոֆեսոր Մարգարյանը, հավելեց նաև, որ անշուշտ այս մոդուլները չեն կարող սպառիչ արդյունք ապահովել ոլորտի հետ առնչություն ունեցող բոլոր խնդիրներին, բայց սա նախադրյալ է, որը կտանի հետագա զարգացման:

Քննարկումը առանձնահատուկ կարևորություն ուներ նրանով, որ պետական գերատեսչությունների ներկայացուցիչները և ակադեմիական ոլորտի մասնագետները հնարավորություն ունեցան միասին վերհանել և քննարկել մի շարք պրակտիկ խնդիրներ՝ մասնավորապես պատժից պայմանական վաղաժամկետ ազատման չափորոշիչների բացակայությունը, քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների կողմից ներկայացվող զեկույցների նույնաբովանդակությունը, ինչպես նաև խոշտանգումը այլ վատ վերաբերմունքից տարբերակելու պայմանների հստակեցման անհրաժեշտությունը։

Քննարկման արդյունքում նախանշվեցին այս խնդիրների լուծմանն ուղղված հիմնական ուղությունները։ Հանդիպումն առանձնացավ նաև նրանով, որ իրավագիտության ֆակուլտետի փորձագետներին հնարավորություն տրվեց լրամշակել մշակված նյութերը՝ հիմնվելով պրակտիկ դաշտից ստացված իրական խնդիրների վրա, ինչը կնպաստի կրթական մոդուլների արդյունավետության բարձրացմանը և ուսանողների մասնագիտական կրթության խորացմանը։

Կարդացեք նաև `