Research

Նորույթ ՀՀ Քրեական օրենսգրքից_հոդված 262

ՀՀ գործող քրեական օրենսգրքով նախատեսված է հանցանքի նոր տեսակ, որը նման ձևակերպմամբ չկար նախկին քրեական օրենսգրքում: Խոսքը բնական գազի, նավթի, ջրի խողովակաշարերին կամ էլեկտրական ցանցին կամ հեռահաղորդակցության կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցներին ապօրինի միացում կատարելու կամ դրանց չափման համար նախատեսված սարքերի ցուցմունքներն ապօրինի փոխելու կամ դրանց բնականոն աշխատանքը խաթարելու հանցակազմի մասին է: Այն նախատեսված է 262-րդ հոդվածով:

Նախկինում նման արարքները որակվում էին որպես «Գույքային վնաս պատճառելը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով», սակայն նշված որակումը խոցելի էր, քանի որ մեծ հաշվով նախկին քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածը օբյեկտիվ կողմից ենթադրվում էր խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով սեփականատիրոջը կամ գույքի այլ տիրապետողին խոշոր չափերի վնաս պատճառելը, որն այս դեպքում այդքան էլ այդպես չէր:

Գործող քրեական օրենսգիքն հանցանք է համարում ուրիշին պատկանող բնական գազի, նավթի, ջրի խողովակաշարին կամ էլեկտրական ցանցին կամ հեռահաղորդակցության կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցին ապօրինի միացում կատարելը կամ ուրիշին պատկանող բնական գազի, նավթի, ջրի խողովակաշարին կամ էլեկտրական ցանցին կամ հեռահաղորդակցության կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցի չափման համար նախատեսված սարքի ցուցմունքն ապօրինի փոխելը կամ դրա բնականոն աշխատանքը խաթարելը, որը խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել: Տվյալ դեպքում խոշոր գույքային վնաս ասելով պետք է հասկանալ 500 000-ից 5 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող գումարը (արժեքը):

Համարվում է ոչ մեծ ծանրության հանցանք և պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Հոդվածն ունի նաև որակյալ մասեր: Եթե 262-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կամ առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել, ապա վերածվում է միջին ծանրության հանցագործության և պատժվում է տուգանքով` տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով: Այստեղ առանձնապես խոշոր չափերի վնաս ասելով պետք է հասկանալ 5 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող գումարը (արժեքը):

Նշված հոդվածի առավել ծանրացնող հանգամանքը դա նույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը հանցավոր կազմակերպության կողմից կատարվելն է, որը պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով: