2024թ.-ի նոյեմբերի 19-ին կայացավ Կառավարություն-Տարածքային կառավարման մարմիններ-Քաղաքացիական հասարակություն ձևաչափով ֆորում` ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՈՒՄԸ վերտառությամբ: Ֆորումը կազմակերպված էր Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ընթացող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (JUREMONIA) ծրագրի շրջանակում:
Միջոցառմանը զեկույցներով հանդես եկան ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, ՀՀ Տարածքայինկառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնյաներ և թեմայի առնչությամբ #JUREMONIA ծրագրով ենթադրամաշնորհներ ստացավ և գործունեություն իրականացնող ՀԿ-ներ և փորձագետներ:
Մասնակիցների և քննարկումներ իրականացնողների ցանկում էին ԵՄ պատվիրակության ներկայացուցիչը, ինչպես նաև ոլորտում գործունեություն ծավալած միջազգային, տեղական և Լեռնային Ղարաբաղում գործունեություն ծավալած հասարակական կազմակերպությունների անդամներ, շահառուներ, լրագրողներ, միջազգային կազմակերպությունների փորձագետներ:
Ֆորումի առաջին հատվածում ներկայացվեց #JUREMONIA ծրագիրը, խոսվեց Լեռնային Ղարաբաղից մարդկանց բռնի տեղահանումով պայմանավորված ճգնաժամային ենթադրամաշնորհների հատկացման կարգի, ստացված արդյունքների և բացահայտված խնդիրների մասին: Այս փուլում հարց ու պատասխանի միջոցով ֆորումի մասնակիցները հավելեցին նաև այլ խնդիրներ, որոնք վերջիններս բախվել են իրենց գործունեության ընթացքում:
Բարձրաձայնված հարցերի մասին իրենց ելույթներում հանգամանալից անդրադարձ կատարեցին Կառավարության և Տարածքային ինքնակառավարման մարմինների ներկայացուծիչները:
Մասնավորապես` ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության անձը հաստատող փաստաթղթերի թողարկման վարչության պետ Աննա Մակարյանը իր ելույթում ներկայացրեց 2023 թ.-ի հոկտեմբերի 26-ին ՀՀ կառավարությունը ընդունած Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու, ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի նկարագիրը և դրա տրամադրման կարգը հաստատելու մասին թիվ 1864-Ն որոշումը և նույն որոշմամբ սահմանված ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթերի ցանկը:
Բանախոսը նաև հավելեց, որ ժամանակավոր պաշտպանության կարգավիճակը կիրառելու համար կարևոր չէ, թե անձը երբ է դուրս եկել ԼՂ-ից, բնակվել է ՀՀ-ում, թե արտերկրում, կամ ներկայումս ունի փաստաթուղ, թե ոչ։ Սակայն շատ կարևոր հանգամանք է հաշվի առնել, որ անձը չհանդիսանա որևէ պետության, այդ թվում՝ ՀՀ քաղաքացի։
Շատ կարևոր հանգամանք է նաև բռնի տեղահանված և ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ հասկացությունների տարանջատումն ու տարբերությունները։ Տեղահանված լինելն ինքնին չի նշանակում ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ունենալ և հակառակը։
ՀՀ-ում փախստականների իրավունքների ու պարտականությունների շրջանակը շատ լայն է, սակայն կան իրավունքներ, որոնք վերապահված են միայն քաղաքացիներին, օրինակ՝ պետական ծառայությունը, հողի իրավունքը, ընտրվելու իրավունքը։
Աննա Մակարյանը մանրամասնեց նաև ՀՀ քաղաքացիության և ժամանակավոր պաշտպանության վկայական ստանալու կարգերը:
Տվյալ գործընթացները հետևյալն են.
- Ժամանակավոր պաշտպանության վկայական տրամադրելու համար ՀՀ-ում անհրաժեշտ է դիմել նախ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառվելու, որից հետո միայն վկայական ստանալու համար։ Օտարերկրյա պետություններում անձը կարող է դիմել ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ։ Տվյալ դեպքում հաշվառվում է օտարերկրյա պետության բնակության հասցեով։ Նշված բոլոր գործողություններն իրականացվում են ՀՀ կամ այլ պետության քաղաքացիություն ունենալու հանգամանքը բացառելուց հետո։
- ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ավելի պարզ է։ Միայն ԼՂ-ից բռնի տեղահանվածների ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումներն ընդունվում են նաև տարածքային անձնագրային ծառայություններում, ինչպես նաև շրջիկ ծառայություն մատուցելու ժամանակ։ Նշված քաղաքացիության շնորհման գործերի քննարկումը ևս կատարվում է առավել սեղմ ժամկետում՝ 90 աշխատանքային օրվա փոխարեն մինչև 50 օր։ Ավելի արագ ՀՀ քաղաքացու անձնագիր են ստանում մինչև 16 տարեկան անչափահասները՝ 5 աշխատանքային օր։
Հաջորդիվ, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի օգնական Լիանա Հովհաննիսյան և ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության վարչական վերահսկողության իրականացման բաժնի պետ Զավեն Մկրտչյան անդրադարձան ԼՂ-ից բռնի տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրների, հումանիտար օգնության տեսակների, համայնքներում նրանց տեղահանվածների տեղավորման գործընթացների, մարզերում մարդկանց թվաքանակի բաշխվածության և շարժի մասին:
Ներկաների, որոնց թվում կային նաև տեղահանվածներ, հարցերին պատասխանեցին և հստակ ուղղորդումներ տվեցին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Ինտեգրված ծառայությունների բաժնի պետ Էլինե Սանթրոսյան և ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթնեը համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը:
Քննարկվեցին 3 փուլով իրականացվող ինտեգրման ծրագրերը, միջնաժամկետ ծրագրերից մեկի` 40+10-ի մինչ 2025թ.-ի ապրիլ երկարացման, որոշ խոցելի խմբերի համար 40+10 միջնաժամկետ ծրագրից առավել երկար օգտվելու հնարավորությունները ( ապրիլից-հունիս 40.000դրամ, հուլիսից-դեկտեմբեր 30.000դրամ),
կարիքների համալիր գնահատման գործիքակազմը, կենսակայուն ծրագրերի իրականացմանն ուղղված աշխատանքները, վերազինված առկա հարթակները (www.esoc.am, www.kariq.am), որոնց օգնությամբ ճգնաժամերի ժամանակ հնարավոր կլինի ներբեռնել և աջակցության, և կարիքների մասին տեղեկություն: Չնայած, որ բռնի տեղահանված անձանց շրջանում արդեն կան 25000 գրանցված աշխատողներ, դեռևս նախկին և ներկա կարիքների գնահատման համեմատական արդյունքներով բնակարանային և աշխատանքի տեղավորման խնդիրները մնում են անփոփոխ:
Ապահովելով 3 անխախտ պայմանները (ՀՀ քաղաքացիություն, տեղահանվածի կարգավիճակ, ՀՀ-ում գույքի բացակայություն) , 2020թ.-ի սեպտեմբերի 27-ից տեղահանվածները կարող են դիմել և ստանալ բնակարանային հավաստագրեր, ինչը երաշխավորում է ՀՀ ցանկացած բնակավայրում, բացառությամբ Երևանի I և II գոտու, բնակարանի ձեռքբերում:
Ֆորումի ընթացքում իրենց հավաքագրված տեղեկություններով և կատարված հետազոտություններով կիսվեցին նաև #JUREMONIA հարթակի անդամները և #JUREMONIA ծրագրով այլ դրամաշնորհ ստացած գործընկերները: Նրանք իրենց խոսքում նշեցին, որ արդեն պատրաստ է համապատասխան առաջարկություններով ու դիտարկումներով փաստաթուղթը, որը հետագայում կքննարկվի ու կջատագովվի ոլորտային պատասխանատուների հետ:
Ֆորումի ձևաչափը ընձեռեց հնարավորություն ներկաներին բարձրաձայնել ոլորտային բազում կուտակված հարցեր, իրականացնել քննարկումներ և ստանալ պարզաբանումներ: Ֆորումը եզակի հնարավորություն ստեղծեց համատեղելու Կառավարության, Տարածքային ինքնակառավարման մարմինների և Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ջանքերը և քննարկելու այն կարևորագույն հարցերը, որոնք առնչվում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությանը և սոցիալական ներառմանը։
www.factor.am-ի անդրադարձը
www.iravaban.net-ի անդրադարձը
www.aravot.am-ի անդրադարձը