News

Լրատվամիջոցների դերը ոլորտային ռազմավարությունների մշտադիտարկումներում

2023թ.-ի մայիսի 31-ից  հունիսի 2-ը ԵՄ ֆինանսական աջակցությամբ ընթացող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» ծրագրի շրջանակներում իրականացվեց եռօրյա վերապատրաստումների շարք` «Ռազմավարությունների փաստահեն մշտադիտարկում․ լրատվամիջոցների դերը»թեմայով: Դասընթացների անմիջական շահառուները ՀՀ-ում գործունեություն ծավալող 17 լրատվամիջոցների ներկայացուցիչներ էին և անկախ լրագրողներ: Մինչ վերապատրաստումների մեկնարկը նախագծի համակարգող մարմինը(Նիդերլանդների հելսինկյան կոմիտե, «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպություն, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ, «Սոցիալական արդարություն» ՀԿ) նախագծել և մշակել էին դասընթացների նպատակների և խնդիրների ամբողջական ցանկը, պահանջները, կազմակերպչական և մեթոդական բնութագրերը, արդյունքների գնահատման համակարգը:

Թեմատիկ առումով դասընթացը վարվեց մի քանի ուղղություններով`

  • Քրեակատարողական և պրոբացիոն, իրավական և դատաիրավական բարեփոխումների, Ոստիկանության բարեփոխումների և հակակոռուպցիոն ոլորտների հիմնական նպատակների և արդյունքների համառոտ ներկայացում` զուգակցված Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության հետ
  • Տվյալների հավաքագրման, փաստաթղթավորման և մշտադիտարկման ստանդարտներ և մոտեցումներ. որտեղ, ինչ և ինչպես կարելի է օգտագործել
  • HRW չափորոշիչներ և մոտեցումներ հաշվետվության և շահերի պաշտպանության վերաբերյալ
  • Ռազմավարական դատավարությունից մինչև օրենսդրական փոփոխություններ. ինչպես իրավապաշտպան ՀԿ-ները և լրագրողները կարող են համատեղ գործել
  • JUREMONIA փոքր դրամաշնորհային ծրագրերի թեմաները որպես օրինակներ լրատվամիջոցների և շահերի պաշտպանության քարոզարշավի համար

Դասընթացին որպես խոսնակներ հրավիրվել էին «Human Rights Watch» հասարակական կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ներկայացուցիչ Տանյա Լոկշինան, «Public Verdict Foundation» հասարակական կազմակերպության տնօրեն Նատալյա Տաուբինան և փորձագետ Տաթևիկ Ղարիբյանը։

Դասընթացն ամփոփվեց «Խնդիրներից մինչև կառավարության ռազմավարություն և կառավարության ռազմավարության իրականացումից մինչև մարդկանց շահերը. ի՞նչ կարող են անել լրատվամիջոցները» թեմայով համատեղ քննարկմամբ: