Event

Հետազոտության քննարկում.քրեակատարողական և պրոբացիայի ոլորտների ռազմավարություն 2019-2023

#JUREMONIA հարթակի հինգերորդ հանդիպումը տեղի ունեցավ 2023թ.-ի մայիսի 24-ին։ Հանդիպումը սկսվեց  Քրեակատորական և պրոբացիայի ոլորտների 2019-2023 թթ․ ռազմավարության վերաբերյալ իրականացված ելակետային հետազոտության քննարկմամբ։ Այն ներկայացրեց Քրեակատորական և պրոբացիայի ոլորտների փորձագետ Նինա Փիրումյանը։ Նա նշեց, որ ռազմավարական միջոցառումներն առանձնացվել են ըստ 3 հիմնական ոլորտների՝ Քրեակատարողական ոլորտ, Պրոբացիայի ոլորտ, Հանրային իրազեկում և արդյունավետ համագործակցության խթանում, որոնցից 44 միջոցառումներ վերաբերում են քրեակատարողական ոլորտին, 13-ը՝ պրոբացիայի գործունեությանը, իսկ 1 միջոցառում ամրագրում է հանրային իրազեկման բարձրացումը։ Ռազմավարության ծրագրի կատարման ընթացքը համակարգելու, մշտադիտարկելու և գործողությունների կատարմանը նպաստելու նպատակով ստեղծվել է Համակարգող խորհուրդ, որի կազմում ներառված են միայն պետական մարմինների ներկայացուցիչներ, իսկ ոլորտի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները խորհրդի կազմում չեն ներառվել։ Ըստ Ռազմավարության 11.8.3-րդ կետի՝ 2019 թվականի սեպտեմբերի 2-ից Հայաստանի Հանրա­պետության արդարադատության նախարարության «Արմավիր», «Աբովյան» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում իրականացվում է ազատազրկման ձևով պատիժ կրող և/կամ կալանավորված անձանց հանրակրթությունը: Փորձագետը շեշտեց, որ նշված քայլերի արդյունքների պահպանման և նոր քայլերի ձեռնարկումը կնպաստի վերասոցիալականացման գործընթացի արդյունավետության ապահովմանը: Հաշվի առնելով, որ ռազմավարական այս միջոցառման մեկնարկը տրվել է դեռևս 2019 թվականին՝ կարևոր է հասկանալ, թե արդյոք ռազմավարության ընդունման պահին դրա իրականացման փաստացի վիճակի գնահատում, ընթացիկ խնդիրների վերհանում իրականացվել է, թե ոչ։ Օրինակ՝ քանի՞ դատապարտյալ հանրակրթությունը չի ավարտել, քանի՞սն են մասնակցել հանրակրթական առարկաների ուսուցմանը, ինչպե՞ս է իրականացվել իրազեկումը դատապարտյալների շրջանում։ Ըստ իրականացրած կարիքների նախնական գնահատման՝ առնվազն 300 դատապարտյալ կարիք ունեն իրացնելու հանրակրթություն ստանալու իրավունքը։ Միևնույն ժամանակ, Կենտրոնի ներկայացուցիչները հավաստիացրին, որ առավել թիրախային կարիքների գնահատման պարագայում այդ անձանց թիվը գերազանցելու է 300-ը։ Հաջորդ գործնական խնդիրը պատշաճ միջգերատեսչական փոխգործակցության ապահովումն է։ Խոսքը, մասնավորապես է վերաբերում է Քրեակատարողական հիմնարկներին, որոնք ևս՝ որպես պատիժ կատարող հիմնարկներ, խնդիր ունեն ապահովելու անձի վերասոցիալականացմանգործընթացը։  Մինչդեռ, գործնականում արձանագրվել են դեպքեր, երբ օրինակ՝ ուսուցիչը կամ մասնագիտական հմտություններ սովորեցնողը, մեկնելով ՔԿՀ, բախվել է կազմակերպական խնդիրների՝ դատապարտյալի հետ հանդիպումը չի կազմակերպվել խցից դուրս չգալու, քրեական վարույթով վարութային գործողություններին մասնակցության և այլ պատճառաբանություններով։ Իբրևհամակարգային խնդիր՝ նախանշվել է, որ ամբողջ քրեակատարողական համակարգն անձանց դիտարկում է ոչ թե անհատապես որպես կարիքներ ունեցող անհատի, այլ այս կամ այն խմբին պատկանող, ինչը հնարավորություն չի տալիս ապահովել պետության անհատականացված արձագանքը։ Նույն տրամաբանությամբ էլ անցկացվում են վերասոցիալականացման միջոցառումները, որոնք թիրախավորում են այս կամ այն խմբին՝ որպես շահառու։ Անձի վերասոցիալականացման ու կրկնահանցագործության կանխման տեսանկյունից կարևոր են հատկապես մասնագիտական հմտությունների ձեռքբերումը, որը հետագայում անձին հնարավորություն կընձեռի պատժի կրումից հետո ինքնադրսևորվելու աշխատաշուկայում։ Փորձագետը նշեց, որ համակարգային առումով դեռևս չլուծված է, այսպես կոչված շտեմարանների (management information system) վարման խնդիրը, էլեկտրոնային բազաների հավաքագրումն ու հասանելիությունը։ Խոսքը վերաբերում է ոչ թե ինքնին թվային գործիքների առկայությանը (ռազմավարությամբ նախատեսված՝ e-penitentiary և e-probation համակարգերին), այլ դրանցում բովանդակվող տեղեկությունների համադրելիությանը և այն անհրաժեշտ տեղեկությունների ներառմանը, որոնք պետք է  հաշվի առնվեն դատապարտյալի հետ աշխատանքներ իրականացնելիս։

Ընդհանուր առմամբ փորձագետը նշեց, որ ելակետային տվյալների բացակայությունն ու ակնկալվող արդյունքի գնահատման համար չափելի վերստուգիչ չափանիշների բացակայությունը լուրջ խոչընդոտ են նաև ռազմավարության կատարողականի գնահատման առումով։ Ուստի, միջոցառումների կատարման վիճակը գնահատելիս պետք է դիտարկել, թե որքանով է ապահովված «միջոցառման բովանդակություն-կատարման վիճակի գնահատում–ակնկալվող արդյունք» փոխհարաբերակցությունը։ Նա նշեց, որ կարևոր է, որ ոլորտի խնդիրները թիրախավորող ռազմավարական միջոցառումները նախատեսեն ոչ թե իրավիճակային լուծումներ, այլ ապահովեն դրանց լուծման ինստիտուցիոնալ հիմքերը։

Հանդիման վերջին հատվածում  «Բազմազանություն» սոցիալ-մշակութային, իրավապաշտպան ՀԿ-ի ներկայացուցիչը հակիրճ ներկայացրեց ՀԿ-ի գործունեության ոլորտային ծածկույթը: ՀԿ-ի Ջուրեմոնիա հարթակին միանալու նպատակը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության ընդալյնումն է, իրավապաշտպան գործունեության ընդգրկուն մասշտաբների ու համակողմանի մոտեցումների որդեգրումն է։ Այսպիսով նաև կազմակերպության կողմից ՀՀ-ում արդարադատությանն ուղղված ջատագովության հզորացումն է՝ գործընկերության միջոցով։

Մյուս հայտատու կազմակերպությունը «Խաչվող ուղիներ» ՀԿ-ն էր,  որը հանդիպմանը միացավ առցանց: ՀԿ-ն ցանկանում է միանալ Հարթակին որպեսզի համագործակցի անդամ կառույցների հետ, ներգրավվի արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացման գործընթացում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *