News

Մասնագետների կարողությունների զարգացում. փուլ 2

2026թ. թվականի հոկտեմբերի 12-16-ը Եվրոպայի Խորհրդի աջակցությամբ իրականացվեց բռնի վարքագիծ դրսևորած անձանց հետ աշխատող մասնագետների վերապատրաստման երկրորդ փուլը: Վերապատրաստումն իրականացրեց ընտանիքում բռնի վարքագիծ դրսևորած անձանց հետ աշխատանքի միջազգային փորձագետ Ադելինա Տոպլիկա–Բադիվուկուն, իսկ մասնակիցները ՀՀ -ում բռնություն գործադրած անձանց հետ ռեաբիլիտացման աշխատանք իրականացնող կառույցների մասնագետներն էին:

Ծրագրի կառուցվածքը հիմնված էր աստիճանական առաջընթացի սկզբունքի վրա՝ բռնարար վարքագծի գիտակցումից դեպի անձնական պատասխանատվության ստանձնում և վարքագծի փոփոխություն։ Սկզբնական մոդուլները կենտրոնացած էին բռնության դրսևորումների ճանաչման և այն համոզմունքների վերանայման վրա, որոնք նպաստում են բռնարար վարքագծի ձևավորմանն ու պահպանմանը։ Վերապատրաստման երկրորդ փուլի մոդուլներն ուղղված էին հուզական գիտակցության և ապրումակցման զարգացմանը, սեփական վարքագծի համար պատասխանատվության ստանձնմանը, ինչպես նաև ավելի անվտանգ միջանձնային հարաբերությունների կառուցման և դրական ծնողավարման հմտությունների ձևավորմանը։

Այս աստիճանական մոտեցումը համահունչ է բռնություն գործադրող անձանց հետ իրականացվող ծրագրերի եվրոպական չափորոշիչներին (WWP-EN, 2023)։

Վերապատրաստման արդյունքում մասնակիցները ձեռք բերեցին բռնի վարքագիծ դրսևորած անձանց հետ աշխատանքի վերաբերյալ տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ, այդ թվում՝ անհատական և խմբային աշխատանքի իրականացման կարողություններ։

Վերապատրաստման ավարտին Ադելինա Տոպլիկա–Բադիվուկուն պատրաստակամություն հայտնեց առցանց ձևաչափով խորհրդատվություն տրամադրել՝ մասնագիտական պրակտիկայում ծագող հարցերի և աշխատանքային մարտահրավերների վերաբերյալ։

Վերապատրաստումների շարքի հաջորդ հանդիպումը նախատեսված է իրականացնել 2026թ.-ի նոյեմներին։ Այդ հանդիպման շրջանակում կամփոփվեն ծրագրի իրականացման ընթացքում արձանագրված ձեռքբերումներն ու առկա դժվարությունները, ինչպես նաև երկու փուլով անցած վերապատրաստման մասնակիցներին կտրամադրվեն հավաստագրեր։