2023թ.-ի հունիսի 29-ին տեղի ունեցավ #JUREMONIA հարթակի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի աշխատանքային խմբի հանդիպումը։ Հանդիպման առաջին բանախոսը «Ալվան ծաղիկ» սոցիալ-կրթական ՀԿ ներկայացուցիչ Եսթեր Գրիգորյանն էր, ով ներկայացրեց քրեակատարողական և պրոբացիայի ոլորտում կազմակերպության կողմից իրականացրած ծրագրերը, դրանց ընթացքում ի հայտ եկած խոչընդոտները։ Ընդհանուր առմամբ խնդիրներ եղել են դատապարտյալների նախնական գիտելիքների պակասի, նյութական ռեսուրսների բացակայության, դատապարտյալների կողմից դասընթացներին մասնակցելու ցանկության բացակայության հետ։ Եսթեր Գրիգորյանը նշեց, որ որոշ դեպքերում դատապարտյալները մասնակցել են դասընթացներին միայն միավորներ ստանալու համար` առանց նորը սովորելու մոտիվացիայի, և իր կյանքում կրթությամբ պայմանավորված դրական փոփոխության ակնկալիքի։ Արձանագրվել է նաև, որ դասընթացներին մասնակցել էին ավելի շատ այն անձինք, ովքեր վաղաժամկետ ազատման հնարավորություն են ունեցել։ Ըստ բանախոսի` նման գործընթացները հաջողությամբ ավարտին հասցնելու համար հարկ է նաև խրախուսել ՍՀԻԱ բաժնի աշխատակիցներին։
Հաջորդիվ «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը ներկայացրեց քրեակատարողական ոլորտում իրականացրած ծրագրերի շրջանակում բացահայտված խնդիրները, ինչպես նաև դուրս բերեց դրանց հնարավոր լուծումները.
Կրթական դասընթացների արդյունավետ իրականացման համար կարևոր է ճիշտ մասնագետների ներգրավվածությունը, որոնք կկարողանան դատապարտյալների համար ընկալելի տերմինաբանությամբ ճիշտ մատուցել նյութը, կարևոր խնդիր է նաև մասնագետների համապատասխան վարձատրությունը։ Հիմնական խնդիրը է նաև նմանատիպ դասընթացների շարունակականության բացակայությունը, քանի որ կարճատև դասընթացները չեն կարող ունենալ բարձր արդյունավետություն և ապահովել անձի վերասոցիալականացումը հասարակությունում: Խնդրահարույց է նաև ԲՈՒՀ-ում սովորող ցանկացողների ուսման վարձի տրամադրման գործընթացը: Դասընթացների արդյունավետության բարձրացման համար բանախոսը կարևորեց նաև անձանց բազային գիտելիքների գնահատմամբ և վերլուծությամբ մեկնարկել կրթական դասընթացները։ Հանդիպման ավարտին քննարկվեց նաև #Ջուրեմոնիա հարթակի 4 աշխատանքային խմբերի համակարգողի ընտրության կարգը։