News

Մարզային հանդիպումներ_Արմավիր

2024 թ.-ի հոկտեմբերի 1-ին Մեծամոր քաղաքում կայացավ, ԵՄ ֆիանանսական աջակցությամբ ընթացող, «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (Ջուրեմոնիա) ծրագրի մարզային հերթական այցը:

Ծրագրով պլանավորված այցերի նպատակն է`

  1. մարզային ՀԿ-ների մասնակցությամբ կազմակերպել քննարկումներ, որոնք ամեն անգամ կվերաբերեն արդարադատության բարեփոխումների տարբեր տարրերի (դատական համակարգ, ոստիկանություն, հակակոռուպցիոն, ՔԿՀ/Պրոբացիա ռազմավարություն),
  2. վեր հանել արդարադատության ոլորտի բարեփոխումներին առնչվող տեղական ՀԿ-ների գործունեության շրջանակը,
  3. դուրս բերել արդարադատության բարեփոխումների ռազմավարություններով պայմանավորված խնդիրները և դրանց լուծումներ տալու ուղղությամբ ձեռնարկել համատեղ քայլեր:

Ծրագրի համակատարող «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի նախաձեռնությամբ հանդիպումը կայացավ #Ջուրեմոնիա հարթակի անդամ «Ընտանիք և համայնք» բարեգործական ՀԿ-ի հարկի ներքո, ուր ներկա էին Արմավիրի մարզում գործունեություն իրականացնող ՀԿ-ների ներկայացուցիչներ:

Հանդիպման սկզբում «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի ղեկավար, քրեական արդարադատության միջազգային փորձագետ Արշակ Գասպարյանը ներկայացրեց ծրագիրը, գործընկեր կազմակերպություններին, գործունեության ոլորտային ծածկույթը, ծրագրի շրջանակում ստեղծված #Ջուրեմոնիա հարթակի գործառույթները և արդեն իսկ գրանցված հաջողությունները, իսկ ներկաներիցյուրաքանչյուրը համառոտ ներկայացրեց իր կազմակերպությունը և գործունեության շրջանակը։

Այս հանդիպմանը ավելի մանրամասն խոսվեց Հայաստանում անչափահասների արդարադատության և երիտասարդների հանցավորության կանխարգելման քաղաքականության, Արցախից բռնի տեղահանված անձանց վերաբերող իրավական և վերաինտեգրման հարցերի մասին: Նշվեց թեմաների առնչությամբ Հարթակի անունից պատրաստված և ոլորտի դերակատարներին ներկայացված գրությունների և տեղեկանքների մասին, որոնց նպատակը առկա իրավական դաշտում փոփոխություններ մտցնելն է: Այս ամենը մեկ անգամ ևս փաստում է, որ Հարթակը ստեղծված է աջակցելու քաղաքացիական հասարակությանը արդարադատության ոլորտին առնչվող խնդիրների դուրսբերման, բարձրաձայնման, ոլորտի դերակատարներին առաջարկությունների ներկայացման և ջատագովության խթանման հարցերում։

Հանդիպման մասնակիցներին թեմաների առնչությամբ իրազեկեցին նաև «Ընտանիք և համայնք» բարեգործական ՀԿ-ի նախագահ Քնարիկ Գարանֆիլյանը և ՀԿ-ի այլ ներկայացուցիչները: ՀԿ-ն Արմավիրի մարզում #Ջուրեմոնիա ճգնաժամային դրամաշնորհի շրջանակում իրականացնում է «Մենք պարտավոր ենք ապրել»  ծրագիրը` աջակցելով Արմավիրի մարզում և մասնավորապես Մեծամոր խոշորացված համայնքում բնակվող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կանանց և երեխաներին հաղթահարել սոցիալ-հոգեբանական խնդիրները և տրավմաները, ձեռք բերել իրենց հիմնախնդիրներն ինքնուրույն լուծելու սոցիալական հմտություններ և նոր միջավայրում ներառական կարողություններ: Իրավական առումով Արցախից բռնի տեղահանված անձանց աջակցություն տրամադրելու տեսանկյունից «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի ներկայացուցիչները ներկաներին տրամադրեցին www.armrights.am հարթակի տվյալները, որը ևս գործարկվել է Ջուրեմոնիա ճգնաժամային դրամաշնորհի միջոցներով` «Իրավաբանների հայկական ասոցիացիա»  ՀԿ-ի կողմից:

Մասնակից ՀԿ-ների ներկայացուցիչները բարձրաձայնեցին քննարկվող թեմաների առնչությամբ մարզային խնդիրների մասին, խոսվեց բռնի տեղահանված անձանց սոցիալական կարիքների գնահատման իրավական կարգավորման մեխանիզմի բացակայության և այս հարցով անելիքների և Հարթակի անունից հանդես գալու մասին:

Արմավիրի մարզում գործունեություն ծավալող քաղաքացիական հասարակության կառույցների հետհանդիպման ժամանակ  իրականացվեց նաև համագործակցություն մարզային մեդիաների հետ` ծրագրի մասին իրազեկությունը տվյալ մարզում բարձրացնելու նպատակով: Այս հանդիպման շրջանակում մեր գործընկերների` «Արմա»  հեռուստաընկերության և Հայաստանի հանրային ռադիոյի լրագրողների օգնությամբ, նկարահանված և ձայնագրված նյութերը կհեռարձակվեն «ՆՈՒՌ» և ԱրմաTV հեռուստաընկերություններով, ինչպես նաև Հայաստանի հանրային ռադիոյով:

Արմավիր կատարած այցի լուսաբանումը Հայաստանի Հանրային Ռադիոյով

 

Արմավիր կատարած այցի լուսաբանումը Արմա և Նուռ հեռուստաընկերություններով