2025թ.-ի ապրիլի 13-17-ը ՀՀ-ում էին գտնվում «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» ծրագրի կոնսորցիումի անդամ հանդիսացող Նիդերլանդների Հելսինկյան կոմիտեի և Բանտային բարեփոխումների միջազգայինկոմիտեի պատվիրակությունները:
Պատվիրակության ներկայացուցիչների (Նիդերլանդների Հելսինկյան կոմիտեի գործադիր տնօրեն, ծրագրերի ղեկավար, մշտադիտարկման և համակարգող մասնագետներ, Բանտային բարեփոխումների միջազգային կոմիտեի տարածաշրջանային ղեկավար) այցի նպատակը 4 տարի տևողությամբ ծրագրի շրջանակում արդարադատության բարեփոխումների համատեքստում կատարված աշխատանքների, տեղահանված անձանց իրավապաշտպան գործաառույթների, գրանցված արդյունքների և ընթացիկ աշխատանքների քննարկումն էր, ինչպես նաև հետագա աշխատանքների, նոր կարիքների և հնարավորությունների առումներով մոտեցումների, տեսակետների և ջատագովության հանդիպումների անցակցումը:
Միջազգային պատվիրակության գործընկերների մասնակցությամբ և ծրագրային տեղական ներկայացուցիչների համակարգմամբ («Սոցիալական արդարություն» ՀԿ, և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ) հանդիպումների շարքը մեկնարկեց Ջուրեմոնիա հարթակի անդամների հետ: Հանդիպման ընթացքում մանրամասն խոսվեց քաղաքացիական հասարակության դերի, կազմակերպությունների գործառույթների, արդարադատության, մարդու իրավունքների ոլորտների բարեփոխումներին Հարթակի անդամ կառույցների մասնակցության և առկա խնդիրների մասին։ Անդրադարձ եղավ նաև ճգնաժամային դրամաշնորհների աջակցության շնորհիվ տեղահանված անձանց հետ իրականացված աշխատանքներին և դեռևս առկա կարիքներին։
Առանձնակի կարևոր նշանակություն ունեցան նաև պատվիրակության ողջ կազմի և ծրագրի ամբողջ թիմի ջատագովության հանդիպումները ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ ներքին գործերի նախարարության, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի, Հայաստանում ամերիկյան դեսպանության, Նիդերլանդների թագավորության դեսպանության, Շվեդիայի թագավորության դեսպանության, Եվրասիա միջազգային համալսարանի ներկայացուցիչների հետ: Այդ հանդիպումների ընթացքում ներկայացվեցին կատարված աշխատանքները, նաև անդրադարձավ եղավ առկա խնդիրներին, որոնց շուրջ պայմանավորվածություն ձեռք բերվեց համատեղ աշխատանքների ուղղությամբ։ Մասնավորապես` ծրագրի շրջանակում կշարունակվի աջակցությունը պրոբացիայի և քրեակատարողական ոլորտներին՝ ապահովելու ընթացիկ աշխատանքների մշտադիտարկումը, մասնագիտական գործիքակազմի տրամադրումը։
ՆԳՆ -ի հետ աշխատանքի շրջանակում նախնական պայմանավորվածություն ձեռք բերվեց աջակցել հանցավորությունների կանխարգելման ծրագրի մշակմանը՝ փորձագիտական ներուժով և գործողությունների ծրագրի մշակմանը՝ ինտեգրելով նաև այն առաջարկները, որոնք կլինեն Ջուրեմոնիա հարթակի անդամների կողմից։
Մարդու իրավունքների պաշտպանի հետ համագործակցությամբ կիրականացվեն հանդիպումներ Ջուրեմոնիա հարթակի հասարակակական կազմակերպությունների հետ համատեղ՝ հատկապես շեշտադրելով այն խնդիրները, որոնք առկա են տարբեր մարզերում։
Այսպիսով, սույն այցի շրջանակում իրականացված հանդիպումների, քննարկումների արդյունքում, տեղական և միջազգային գործընկերների համատեղ ջանքերով հնարավոր եղավ նաև վերաձևակերպել ծրագրային չորրորդ տարվա թիրախները, որոնք կօգնեն Հայաստանում արդարադատության բերափոխումներ իրականացող կառույցներին ընթացիկ և նոր ռազմավարությունների մշակման, իրականացման և մշտադիտարկման աշխատանքներում: