News

Այլընտրանքային խափանման միջոցների կիրառումը և արդյունավետությունը

2024թ.-ի փետրվարի 27-ին կայացավ JUREMONIA հարթակի հերթական հանդիպումը, որի օրակարգային  թեմաներից մեկը այլընտրանքային խափանման միջոցների կիրառուման և արդյունավետության մասին էր: Թեմայի ներկայացումը իրականացրեց «Սոցիալական արդարություն» ՀԿ փորձագետ Գևորգ Սիմոնյանը։Համաձայն 2022թ.-ին ընդունված նոր քրեական և քրեադադավարության օրենսգրքերի՝ Հայաստանի Հանրապետությունում 2023թ.-ի հունվարի  1-ից կիրառության մեջ են դրվել նոր խափանման միջոցներ՝ տնային կալանքը և վարչական հսկողությունը: Նոր խափանման միջոցների ներդրման հիմնական նպատակը կալանավորման նվազեցումն էր: Համաձայն վերջին տարիների վիճակագրության՝ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում կալանավորված անձանց համեմատական ցուցանիշը բավականին բարձր է: Այսպես՝ քրեակատարողական հիմնարկներում գտնվող բոլոր անձանց համեմատ կալանավորված անձանց թիվը կազմում է 40-50 տոկոս: Նշենք, որ մի շարք եվրոպական երկրներում այդ ցուցանիշը կազմում է 10-15 տոկոս: 2023թ.-ին ՀՀ Պրոբացիայի ծառայությունը իրականացրել է 866 տնային կալանք և վարչական հսկողություն խափանման միջոցներ: Թվում էր, որ այս գործընթացը կնպաստի քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց քանակի նվազեցմանը, սակայն 2023թ.-ին քրեակատարողական հիմնարկներում պահվող 2453 անձանցից 1341-ը եղել են կալանավորված անձինք: Ստացվում է,որ տնային կալանք և վարչական հսկողություն խափանման միջոցները փոխարինում են ոչ թե կալանավորում խափանման միջոցին, այլ` ազատազրկման հետ չկապված այլ խափանման միջոցներին: Դրա հիմնական պատճառներից է այն հանգամանքը, որ դեռևս պետական համապատասխան կառույցներում չի ձևավորվել այն դիրքորոշումը, որ նոր խափանման միջոցները կգործեն անխափան և արդյունավետ, և չեն ունենա ձևական բնույթ: Խնդիրը կայանում է նաև նրանում,որ համապատասխան պետական մարմինները տեղեկացված չեն նոր խափանման միջոցների կիրառման համար անհրաժեշտ էլեկտրոնային սարքավորումների տեխնիկական բնութագրերին և հսկողության հնարավորություններին: Օրինակ՝ կարելի է նշել այն հանգամանքը, որ տնային կալանքի դեպքում, դատարանի կողմից նշված հասցեում գտնվող բնակարանի կամ տան սահմանները էլեկտրոնային սարքավորումները կարողանում են ֆիքսել այսպես կոչված շառավիղային կանոնով: Ուշագրավ է այն հանգամանքը, որ նշված բնակարանից կամ տնից բացի լինում են տարածքներ, որտեղ հսկողության մեջ գտնվող անձը կարող է գտնվել, սակայն համապատասխան էլեկտրոնային սարքավորոումների միջոցով հսկողություն իրականացնող աշխատակիցները չեն կարողանա արձանագրել տվյալ խախտումը: Նմանատիպ բազմաթիվ խնդիրներից կան նաև իրավական կարգավորում պահանջվող հարցեր: Օրինակ՝ եթե անձը միայնակ է ապրում իր բնակարանում, որի սահմաններով իրականացվում է հսկողություն, ապա հարց է առաջանում՝ ի՞նչ եղանակով է անձը ձեռք բերելու առաջին անհրաժեշտության իրեր և սնունդ, հաշվի առնելով, որ դատարանները նաև սահմանափակումներ են դնում այլ անձանց հետ շփվելու արգելքով: Վերոգրյալ խնդիրների առկայությունը տպավորություն է ստեղծում, որ նոր խափանման միջոցներն ունեն ոչ արդյունավետ կիրառություն, սակայն դա այդպես չէ, 2023թ.-ին կիրառված 866 նոր խափանման միջոցներից մեծ քանակությամբ անձանց նկատմամբ կարող էր կիրառվել կալանավորում խափանման միջոցը, և եթե վերոգրյալ խնդիրները ստանան լուծումներ,ապա անկասկած քրեակատարողական հիմնարկներում կգրանցվեն կալանավորված անձանց քանակի նվազում:

Հանդիպման երկրորդ հատվածում Հարթակին միանալու ցանկություն հայտնած 2 կազմակերպություններ հանդես եկան ելույթներով: Հայտատու կազմակերպություններից «Դու կարող ես» ՀԿ-ի տնօրեն Ռոզա Սողոմոնյանը առաջինը ներկայացրեց ՀԿ-ի գործունեությունների շրջանակը ։  Այն  հիմնվել է 2021թ.-ին` նպատակ ունենալով նպաստել մարդու իրավունքների՝ ներառյալ երեխաների, կանանց և հաշմանդամություբն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության կայացմանը։ Կազմակերպությունը իրականացնում է մի շարք ծրագրեր, որոնք ուղղված են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների և նրանց ընտանիքների կյանքի որակի բարելավմանը, աղքատության նվազեցմանը, սոցիալական ծառայությունների հասանելիության բարձրացմանը, զբաղվածության խթանմանը, համայնքներում մասնակցային բյուջետավորմանը, սոցիալական աշխատանքի ինստիտուտի կայացմանը և մասնագիտական հանրույթի հզորացմանը:

Հաջորդը, 2007թ.-ին հիմնված, «Երեխաների հասարակություն. մանկապատանեկան ձեռնարկումների աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպության մասին ներկայացումն էր: ՀԿ-ի նախագահ Արա Սուքիասյանը նշեց, որ իրենց գործունեության հիմնական ոլորտներն են՝ կրթությունը, շահերի պաշտպանությունն ու սոցիալական աջակցությունը​, իսկ շահառուներն են դպրոցականներն ու նրանց ընտանիքները:​

ՀԿ-ի առաքելությունն է՝ ՀՀ օրենսդրությամբ թույլատրված բոլոր միջոց­նե­րով, օժանդակել և աջակցել երեխաների հոգևոր, մտա­վոր և ֆիզիկական զարգացմանը, ձեռնարկում­ներին, մշակել ու իրագործել մշակութային, մարզական և առողջարարական, նաև սոցիալական ու առողջապահական ծրագրեր:​

Հանդիպման ավարտին կայացավ փակ քվեարկություն, որի արդյունքները կդրամադրվեն Հարթակի անդամներին և հայտատու կազմակերպություններին։

Թեմայի մասին կարող եք կարդալ նաև ներքոնշյալ հրապարակումը.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *