ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 11-րդ հոդվածով սահմանված են դատապարտյալի հիմնական պարտականությունները։ Ի թիվս այլնի, նշված հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված է, որ դատապարտյալը պարտավոր է տալ բացատրություններ պատժի կատարման կարգի պահանջները խախտելու վերաբերյալ։
Նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված է, որ Դատապարտյալն իր պարտականությունները չկատարելու դեպքում կարող է ենթարկվել օրենքով սահմանված պատասխանատվության։
Փորձագետի դիտարկմամբ օրենսդրական այս կարգավորումները խնդրահարույց են։
Սկսենք «կարող է ենթարկվել օրենքով սահմանված պատասխանատվության» եզրույթից, որն ինքնին բավականաչափ որոշակի չէ։
ՀՀ կառավարության 22 հոկտեմբերի 2009 թվականի N 1205-Ն որոշմամբ հաստատված նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգի 9-րդ կետի 1-3 ենթակետերի համաձայն՝ բացահայտման ենթակա կոռուպցիոն հիմնական գործոններից մեկը պաշտոնատար անձանց իրավունքների ու պարտականությունների ոչ հստակ լինելն է, որը որպես կոռուպցիոն գործոն, հիմնականում արտահայտվում է նորմատիվ իրավական ակտում պետական մարմնի (պաշտոնատար անձի) իրավասությունները «իրավասու է» կամ «կարող է» արտահայտություններով ձևակերպելու միջոցով, ինչը հանգեցնում է իրավասությունը, որպես հնարավորություն, այլ ոչ թե որպես պարտավորություն մեկնաբանելուն։
ՀՀ Սահմանադրության 65-րդ հոդվածը, որը սահմանված է «Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները եվ ազատությունները գլխում, սահմանում է, որ ոչ ոք պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ, եթե ողջամտորեն ենթադրելի է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ:
Սահմանադրության նշված հոդվածն իր արտացոլումն է գտել ՀՀ քրեական օրենսգրքում, որտեղ ցուցմունք տալուց հրաժարվելու համար պատասխանատվություն նախատեսող 503-րդ հոդվածի երրորդ մասով, որպես խրախուսական նորմ, սահմանված է, որ անձը ենթակա չէ քրեական պատասխանատվության իր, ամուսնու կամ մերձավոր ազգականի վերաբերյալ ցուցմունք տալուց հրաժարվելու համար, եթե ողջամտորեն ենթադրելի է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված է, որ վկան իրավունք ունի հրաժարվելու ցուցմունք տալուց կամ նյութեր տրամադրելուց, եթե ողջամտորեն ենթադրելի է, որ դրանք հետագայում կարող են օգտագործվել իր կամ իր ամուսնու կամ մերձավոր ազգականի դեմ։
Իր դեմ չվկայելու իրավունքը հիմնարար իրավունք է մեղադրյալի (իրավախախտում կատարած անձի) համար։ Այս համատեքստում գտնում ենք, որ դատապարտյալի վրա օրենքով դնել պատժի կատարման կարգի պահանջները խախտելու վերաբերյալ բացատրություն տալուպարտականություն, և այդ պարտականության համար նախատեսել պատասխանատվությանհնարավորություն, մեր դիտարկմամբ իրավաչափ շահ չի կարող հետապնդել և հակասում է ՀՀՍահմանադրության 65-րդ հոդվածով սահմանված իր դեմ չվկայելու իրավունքին։