Event

Juremonia հարթակի մեկնարկային նիստը

2022թ.-ի նոյեմբերի 30-ին կայացավ Juremonia հարթակի անդամների առաջին հանդիպումը։ Հարթակը, ուր ներգրավված են կազմակերպություններ և մասնագետներ, իր գործունեության վեկտորները ուղղորդում է արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկմանը, ջատագովության իրականացմանը, ինչպես նաև այս գործընթացներում ՔՀԿ-ների իմաստալից ներգրավվածության ապահովմանը:

Հարթակի ներկա անդամները, դեռևս սեպտեմբերին կայացած արդարադատության ոլորտի մշտադիտարկման վերաբերյալ քառօրյա դասընթացներին մասնակցած, տարբեր ՔՀԿ-ների ներկայացուցիչներ են, ովքեր հարթակին միանալու իրենց համաձայնությունը ամրագրել էին Քաղաքացիական հասարակության ՀՀ արդարադատության ոլորտի բարեփոխումների փոխըմբռնման և համագործակցության մասին Հուշագրով:

Ինչպես և պլանավորված էր Հարթակի առաջին հանդիպումը ծավալվեց քննարկումների, խորհրդակցությունների ու թեմատիկ աշխատանքային հետազոտությունների վերլուծության միջոցով:

Հանդիպման մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկավ Նիդերլանդների հելսինկյան կոմիտեի ներկայացուցիչ Լիսանե Վելդթը, ով նաև ներկայացնում է Juremonia ծրագրի կոնսորցիումի համակարգող կազմակերպությունը։ Նա իր խոսքում անդրադարձավ ծրագրային թիմ իր մուտքի և առաջին հանդիպմամբ պայմանավորված հետագա հանդիպումների ընթացքի կարևորության մասին:

Հաջորդիվ, «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի ղեկավար, Juremonia ծրագրի համակատարող Արշակ Գասպարյանը հիշեցրեց ներկաներին Հարթակի ստեղծման նպատակի և խնդիրների մասին, ինչպես նաև ընդգծեց 4 հիմնական ուղղությունները՝

  1. Դատաիրավական բարեփոխումներ
  2. Քրեակատարողական և Պրոբացիայի ոլորտների բարեփոխումներ
  3. Ոստիկանության բարեփոխումներ
  4. Հակակոռուպցիոն բարեփոխումներ

Հանդիպման ընթացքում, փորձագետի ներկայացմամբ, Հարթակի անդամներին ցուցադրվեց նաև ծրագրի շրջանակում իրականացված Ելակետային գնահատման փաստաթուղթ, որը վերաբերում էր ՀՀ Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությանը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի մշտադիրտարկմանը: Փաստաթուղթը բազում հարց ու պատասխանների, քննարկումների և առաջարկությունների տեղիք տվեց, ինչը հետագայում կներկայացվի ոլորտի պաշտոնատար անձանց հետ կլոր-սեղան քննարկումներում:

Հանդիպումը ամփոփվեց «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի նախագահ, Juremonia ծրագրի համակատարող Արտակ Կիրակոսյանի խոսքով, ով ներկայացրեց Juremonia ծրագրի շրջանակում քաղաքացիական հասարակության կառույցներին փոքր դրամաշնորհների տրամադրման ուղղությունների և դրանց դիմելու գործընթացի մասին։

Հավելենք, որ նմանատիպ հանդիպումներ կկայանան ամսական կտրվածքով, իսկ թեմաները կընտրվեն նախօրոք` ելնելով վերոնշյալ ուղղություններում առկա խնդիրների առաջնահերթություններից:

Հ.Գ.

Հարթակին անդամակցելու համար անհրաժեշտ է info.sjngo@gmail.com էլ. հասցեին դիմում (ներբեռնել) ներկայացնել, իսկ հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 43 233737 հեռախոսահամարին` քարտուղարություն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *