Research

Իրավախախտ անչափահասների հաշվառման խնդիրները

Անչափահասների կանխարգելիչ հաշվառման կարգը հաստատելու մասին կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

2022թ.-ի հոկտեմբերի 5-ին ընդունված ՀՕ-365-Ն օրենքով ՀՀ Ոստիկանության մասին օրենքում լրացում է կատարվել` նախատեսելով լիազորող նորմ, այդ թվում՝  իրավախախտ անչափահասների հաշվառման կարգը սահմանելու մասին:

Այդ օրենքի կիրարկումն ապահովելու համար մշակվել է անչափահասների հաշվառման կարգը սահմանելու վերաբերյալ  կառավարության որոշման նախագիծ, որն այժմ լրամշակման փուլում է։ Ըստ էության` կառավարության այս որոշումը փոխարինելու է դեռևս 08.08.1996թ. ընդունված և առ այսօր գործող ՀՀ ՆԳՆ թիվ 633 հրամանին, որը Կառավարության որոշումն ընդունելուց հետո նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել։

Դրական գնահատելով վաղ 90-ականներին ընդունված իրավական ակտի փոփոխության ՀՀ ՆԳՆ նախաձեռնությունը՝ այդուհանդերձ սույն Նախագծի վերաբերյալ <<Սոցիալական արդարություն>> ՀԿ-ն համապատասխան տեղեկանքով դիտարկումներ է ներկայացրել ՀՀ ՆԳՆ (Տեղեկանքը ամբողջությամբ

Այդ դիտարկումների մի մասը ներկայացվում է ստոր։

  1. Նախագիծը չի հմնվում որևէ ռազմավարական փաստաթղթի վրա, ինչպիսիք կարող էին հանդիսանալ, օրինակ՝ անչափահասների հանցավորության կանխարգելման ազգային ռազմավարությունը կամ հայեցակարգը։ Այս հանգամանքը անորոշ է դարձնում որդեգրված ուղղության նպատակայնությունը, արդյունավետությունն ու դրա իրագործման հնարավորությունները։
  2. Իրավաչափության տեսակետից նույնպես, սույն Նախագիծը խնդիրներ է հարուցում։ Նախագծի բովանդակությունը չի սահմանափակվում միայն հաշվառման կարգ սահմանելով (ինչը բխում է վերը բերված Օրենքի պահանջից), այլ ընդլայնվում է՝ ոստիկանության աշխատակիցների համար սահմանելով կոնկրետ լիազորություններ և գործառույթներ, որոնք բխում են հաշվառման փաստից, այլ ոչ թե ավարտվում են հաշվառմամբ: Արդյունքում, հաշվառումը դառնում է հիմք՝ շահառու անձանց հետ տարվող աշխատանքների համար, և ստացվում է, որ օրենքը լիազորել է կառավարությանն ընդունել կոնկրետ բովանդակությամբ ակտ, իսկ փաստացի նախագիծը կարգավորում է շատ ավելին, քան օրենքով սահմանվածը։
  3. Թեև նախագծի անվանման մեջ օգտագործվում է կանխարգելում եզրույթը, սակայն այն վերաբերում է կոնկրետ աշխատանքների իրականացմանը անչափահասների հետ, որոնք արդեն որևէ իրավախախտում են կատարել։ Այս իմաստով, Նախագծի բովանդակությունը սպառիչ չի տալիս այն հարցի պատասխանը, թե որ մակարդակի կանխարգելման մասին է խոսքը (ընդհանուր, երկրորդային կամ երրորդային)։ Ամեն դեպքում, անչափահասների շրջանում ընդհանուր կամ վաղ կանխարգելման աշխատանքների առյուծի բաժինը պետք է վերապահվի սոցիալական, կրթական և համայնքային ծառայություններին, այլ ոչ իրավապահ համակարգին։ Կանխարգելումը պետք է ներառի ծրագրեր, որոնք ուղղված լինեն անչափահաներին, ովքեր դեռ որևէ իրավախախտում չեն կատարել (վաղ կանխարգելում)։ Պետությունը առողջապահական, կրթական համակարգերի և համայնքային սոցիալական ծառայությունների վաղ կանխարգելման ծրագրեր պետք է առաջարկի հասարակական կազմակերպությունների միջոցով աղքատ և անչափահաս երեխաներ, կոնֆլիկտային փոխհարաբերություններ, ալկոհոլի կամ թմրանյութերի չարաշահման հակումներ, ոչ լրիվ ընտանիքներ ունեցողներին։
  4. Այս իմաստով, Նախագծի մեջ տեղ են գտել նաև դրույթներ, համաձայն որոնց` ոստիկանության ծառայողին վերապահված է անչափահասների նկատմամբ միջամտություն իրականացնելու շատ լայն լիազորություններ, ինչը հակասում է անչափահասների արդարադատության ոլորտի միջազգային փաստաթղթերի սկզբունքներին, ինչպիսիք են, օրինակ, իրավապահ մարմինների կողմից նվազագույն միջամտության սկզբունքը։ Այն դեպքում, երբ Անչափահասների հանցավորությունը կանխելու վերաբերյալ ՄԱԿ-ի ուղենիշները (Ռիադյան ուղենիշներ) ընդգծում են, որ կառավարությունները պետք է որպես առաջնահերթություն դիտեն կանխարգելումը, իսկ սոցիալական հսկողության պաշտոնական գերատեսչությունները պետք է գործի անցնեն միայն որպես ծայրահեղ միջոց։
  5. Նախագծում օգտագործվում են նաև հասկացություններ, որոնք նախագծում կամ որևէ այլ իրավական ակտի մեջ սահմանված չեն: Օրինակ` կանխարգելիչ հաշվառում, կանխարգելիչ աշխատանքներ, անհատական դաստիարակչական աշխատանքներ, անչափահասի վրա բացասական ազդեցություն ունեցող ծնող կամ ինքնակամ լքել։ Նույն կերպ անորոշ է կանխարգելիչ աշխատանքների բովանդակությունն ու մեթոդաբանությունը. կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելիս ի՞նչ պետք է կատարի ոստիկանության ծառայողը:
  6. Նախագիծը չի սահմանում նաև այն գործիքները (կամ դրանց կիրառման իրավաչափ հնարավորությունը), որոնցով հնարավոր կլինի գնահատել «խնդրահարույց» երեխաներին, նրանց կողմից ներկայացվող ռիսկը, կրիմինոգեն կարիքները և աշխատանքի այն ուղղությունները, որոնք կարող են նվազեցնել իրավախախտում կատարելու ռիսկը։