2023թ.-ի ապրիլի 26-ին կայացավ #Ջուրեմոնիա հարթակի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչների հերթական հանդիպումը։ Հանդիպման բանախոսը #Juremonia ծրագրի իրավաբան Ռոման Ահարոնյանն էր, ով ներկաների ակտիվ մասնակցությամբ խոսեց պատիժն ավելի մեղմ պատժով փոխարինելու կամ պատժից ազատելու հիմքերի մասին: Քրեական նոր օրենսգրքում տեղ գտած այս ինստիտուտը բովանդակային առումով լիովին տարբերվում է քրեական նախկին օրենսգրքում տեղ գտած՝ պատիժն ավելի մեղմ պատժով փոխարինելու ինստիտուտից: Քրեական նոր օրենսգիրքը նախատեսում է պատիժն ավելի մեղմ պատժով փոխարինելու կամ պատժից ազատելու հնարավորություն միայն այն դեպքում, եթե դատավճիռը կայացնելուց հետո ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնց հետևանքով նշանակված պատժատեսակիկատարումն օբյեկտիվորեն անհնարին է դարձել: Իրավաբան-փորձագետը խոսուն օրինակներով ներկաներին բացատրեց և վերուծեց իրավիճակը, ինչպես նաև անդրադարձ կատարեց փորձագիտական տեսանկյունից առաջարկություններին, որոց հիման վրա #Ջուրեմոնիա հարթակի անունից արդեն իսկ մշակվել է ՏԵՂԵԿԱՆՔ և ներկայացվել ԱՆ` խնդրին անդրադառնալու և քննարկում կազմակերպելու նկատառումով:
Հաջորդիվ հանդիպման բանախոսները 3 հայտատու կազմակերպությունների ներկայացուցիչներն էին, որոնք հարթակին անդամակցելու նպատակով ներկայացրին իրենց ՀԿ-ների գործունեությունը և պատասխանեցին ներկաների հարցերին: «Ալվան ծաղիկ», «Իրավաբանների հայկական ասոցիացիա», «Հանուն ազատության» հայտատու ՀԿ-ների ներկայացումներից հետո հանդիպմանը ներկա հարթակի անդամները իրականացրին փակ քվեարկություն, իսկ բացակա անդամներին տրամադրվեց ներկայացումների տեսագրությունները, որոնց հիման վրա վերջիններս քվեարկեցին առցանց տարբերակով։
Հ․Գ․ Քվեարկության արդյունքներով 3 հայտատու կազմակերպություններն էլ ստացան հարթակի անդամ կազմակերպության կարգավիճակ: