News

Մշտադիտարկվում են հանրային աշխատանքները և դատական համակարգին ուղղված բարեփոխումները

2024թ.-ի ապրիլի 25-ին կայացած Հարթակի հերթական հանդիպման ժամանակ ներկայացվեցին ընթացիկ ենթադրամաշնորհային չորս ծրագրերից երկուսի ընթացքը, կատարված աշխատանքների ամփոփ նկարագրերը, դուրսբերումները:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ  իրավաբան Անահիտ Մկրտչյանը, խոսելով «Հանրային աշխատաքները որպես վերականգնողական արդարադատության միջոց» ենթադրամաշնորհային ծրագրի մասին, նախ և առաջ շեշտադրեց, որ  հանրային աշխատաքները այլընտրանքային պատժի տեսակն են, որի արդյուքնում ապահովվում է անձի վերասոցիալականացումը։ Ծրագրի նպատակն է ուսումնասիրել հանրային աշխատանքների՝ որպես պատժի այլընտրանքային միջոցի, կազմակերպման և վերահսկողության առանձնահատկությունները, արդյունավետությունը,  հնարավոր բարդությունները: Ծրագրի շրջանակներում մշակվել և կազմվել են հատուկ մեթոդաբանությամբ հարցաշարեր Պրոբացիոն ծառայության շահառուների, դատավորների, դատախազների, փաստաբանների, պրոբացիայի ծառայողների, հանրային աշխատանքների իրականացմանը ներգրավված գործատուների հետ հարցազրույցների անցակացման համար:

Հարցազրույցների հիման վրա որոշ վերլուծություններ արդեն արվել են, ինչի արդյունքում պարզվել է, որ շահառու և գործատու հարաբերություններում հաջողված պատմություններ գրանցվել են, բայց եղել են նաև դեպքեր, երբ հանրային աշխատաքները չեն ծառայել իրենց նպատակներին։

Հարցումների հիման վրա դուրս բերված խնդիրներից են  հանրային աշխատանքները կազմակերպող մասնագետների գիտելիքների պակասը,  գործատուների ծանրաբեռնվածության ավելացումը, կատարված աշխատանքների մասով հաշվետվողականություն ներկայացնելու բացերը: Թեմայի առումով քննարկմանը Հարթակի անդամները նշեցին, որ հանրային աշխատանքների հիմնական նպատակը անձի վերասոցիալականացումն է և լավ կլինի որպեսզի դատարանը հանրային աշխատանքը պատիժ նշանակելիս  դիտարկի նաև կատարվելիք աշխատանքի տեսակը:

Հաջորդը ելույթ ունեցավ «Մեդիա ակումբ» ՀԿ նախագահ Նարինե Մաթևոսյանը, ում կազմակերությունը իրականացնում է «Լոռու, Տավուշի և Շիրակի դատարաններում  դատական և կոռուպցիոն բարեփոխումների ազդեցության մշտադիտարկում» ենթադրամաշնորհային ծրագիրը։ Դատավորների և քաղաքացիների շրջանում հարցումներ անցկացնելու նպատակով մշակվել և կազմվել են հարցաշարեր, որոնք անցկացվել են նաև առցանց եղանակով: Խնդիրներ առաջացել են Շիրակի մարզում դատավորների հետ հարցումներ անցկացնելու ժամանակ. վերջիններս չեն ցանկացել մասնակցել դրանց։ Քաղաքացիների հետ հարցումները ցույց են տվել, որ իրավապաշտպան կազմակերպությունների նկատմամբ վստահության անկում է նկատվում:

Ըստ հարցումների` հիմնական խնդիրներից է նաև  դատական գործերի երկար ընթացքները և նոր ներդրված համակարգերը, որոնք պետք է օգնեին այդ խնդրին, ուղղակի չեն արդարացնում իրենց: Այս հարցով առաջարկվեց օրենսդրական նոր փոփոխություն մշակել: Դիտարկվեց նաև այն մոտեցումը, որով դատավորը անկախ իր տեղափոխման հանգամանքից պետք է ավարտի իր վարույթում եղած գործերը։