News

ՀՀ արդարադատության ոլորտում ՀԿ-ների մշտադիտարկման կարողությունների զարգացում

2022թ.-ի սեպտեմբերի 27-30-ը ԵՄ ֆինանսական աջակցությամբ ընթացող «Հայաստանում արդարադատության ոլորտի մշտադիտարկում» ծրագրի շրջանակներում իրականացվեց քառօրյա վերապատրաստումների շարք` <<ՀՀ արդարադատության ոլորտում ՀԿ-ների մշտադիտարկման կարողությունների զարգացում>> վերտառությամբ: Դասընթացների անմիջական շահառուները ՀՀ-ում գործունեություն ծավալող շուրջ 20 հասարակական կազմակերպություններից 40 ներկայացուցիչներ էին: Մինչ վերապատրաստումների մեկնարկը նախագծի համակարգող մարմինը (Նիդերլանդների հելսինկյան կոմիտե, «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպություն, «Սոցիալական արդարություն» ՀԿ, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ) միջազգային փորձագետների մասնակցությամբ նախագծել և մշակել էր դասընթացների նպատակների և խնդիրների ամբողջական ցանկը, պահանջները, կազմակերպական և մեթոդական բնութագրերը, արդյունքների գնահատման համակարգը: Դասընթացներն առավել նպատակային, արդյունավետ և թիրախային կազմակերպելու նպատակով «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի մասնագետների կողմից  նաև մշակվել և իրականացվել է կարիքների գնահատման հարցաթերթ, որի վերլուծությունն էլ հնարավորություն տվեց դասընթացներում ներառել նաև մասնակիցների (մասնագիտությամբ իրավաբան, հոգեբան, սոցիալական աշխատող, դասընթացավար, փաստաբան, փորձագետ, կազմակերպության ղեկավար, վերլուծաբան, իրավախորհրդատու) կարիքներից բխող թեմաներ:

Թեմատիկ առումով դասընթացները վարվեցին 3 ուղղություններով`

  • Քրեակատարողական և Պրոբացիայի ոլորտների բարեփոխումներ (դասընթացավար` Ռոբ Ալեն, մոդերատորներ` Ծիրա Չանտուրիա, Արշակ Գասպարյան),
  • Դատաիրավական և հակակոռուպցիոն բարեփոխումներ (դասընթացավար` Լիդեկե Շախըլ, մոդերատոր` Արտակ Կիրակոսյան)
  • Ոստիկանության բարեփոխումներ (վերապատրաստող` Այիշա Չախուանի, մոդերատոր`Հեսթեր վան Օմերեն)

Դասընթացի հիմնական նպատակը ներգրավված ՀԿ-ների ներկայացուցիչներին այնպիսի կարողությունների փոխանցում էր, որոնց շնորհիվ նրանք կկարողանան.

  • մշակել տվյալների հավաքագրման մեթոդներ,
  • հավաքագրել, կառավարել և վերլուծել ոլորտային մշտադիտարկման տվյալներ,
  • ստեղծել ոլորտային մշտադիտարկման համակարգ,
  • վերլուծել ազգային և միջազգային ոլորտային փաստաթղթերը բարեփոխումների համատեքստում,
  • կանխատեսել ակնկալվող արդյունքներ և որոշում կայացնողների շրջանում հանդես գալ առաջարկւոթյուններով,
  • սահմանել ընդհանուր նպատակ, ստեղծել կոալիցիա և կարևորել շահերի պաշտպանության համատեղ ռազմավարության մշակման գործընթացը,
  • իրականացնել փոփոխություններ՝ օգտագործելով շահագրգիռ կողմերի քարտեզագրման, քաղաքականության բարեփոխումներին նպաստելու մեթոդները,
  • ստացված գիտելիքների կիրառմամբ մշակել նախագծեր, դիմել փոքր դրամաշնորհային ծրագրերի և իրականացնել դրանք:

Դասընթացների ժամանակ ներկայացված թեմաների ամրապնդումները կատարվեցին թիմային աշխատանքների, վարժանքների, ներկայացումների միջոցով:

Արդարադատության ոլորտում մշտադիտարկման կարողությունների զարգացման դասընթացներից հետո շեշտադրած կարծիքների ընդհանրական պատկերը հետևյալն է.

Մասնակիցների անդրադարձը ձեռքբերումների վերաբերյալ`

Ոլորտային աշխատանքներում մոտիվացիայի ավելացում, սեփական ուժերի և կարողությունների գնահատականի բարձրացում, խմբային ակտիվ աշխատանքների արդյունավետություն, շփումների հնարավորություն ոլորտային փորձագետների հետ, ընդհանուր գաղափարի շուրջ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համախմբման ընձեռում, ռազմավարությունների ուսումնասիրության հնարավորություն, ադվոկացիոն աշխատանքների կարևորության առանձնացում, քաղաքականության մշակման գործընթացում մշտադիտարկման տվյալների օգտագործման կարողություն, միջազգային նորմերին ծանոթանալու հնարավորություն, հաղորդակցման հմտությունների զարգացման անհրաժեշտություն:

Մասնակիցները ակնկալում/առաջարկում են`

վարժանքների ավելացման հնարավորության ընձեռում, նմանատիպ դասընթացների շարունակական կազմակերպման, այլ երկրների փորձի ուսումնասիրության, փորձագետների կողմից ՀՀ-ում առկա իրավիճակի ավելի խորը ուսումնասիրության, տերմինների դյուրին մատուցման անհրաժեշտություն:

Դասընթացների լուսանկարներն այս հղմամբ`

https://www.facebook.com/100064338683619/posts/pfbid02xjkt58XALPqBDJxXSQdXNc5NGCCaeLLxXEFpEFRVJWzTu2JdWd2NNsbyzZG12M9tl/?app=fbl