2023թ.-ի դեկտեմբերի 19-ին Գյումրի քաղաքում կայացավ, ԵՄ ֆինանսական աջակցությամբ ընթացող, «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (www.juremonia.am) ծրագրի մարզային հերթական այցը: Ծրագրի համակատարող «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի նախաձեռնությամբ հանդիպումը կայացավ #Ջուրեմոնիա հարթակի անդամ «Ալվան ծաղիկ սոցիալ-կրթական կենտրոն» ՀԿ-ի հարկի ներքո, ուր ներկա էին Շիրակի մարզում գործունեություն իրականացնող 11 ՀԿ-ների ներկայացուցիչներ:
Հանդիպման սկզբում ներկաներից յուրաքանչյուրը համառոտ ներկայացրեց իր կազմակերպությունը և գործունեության շրջանակը։ Հաջորդիվ «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի ղեկավար, քրեական արդարադատության միջազգային փորձագետ Արշակ Գասպարյանը ներկայացրեց ծրագրի ոլորտային ծածկույթը, իրականացված և պլանավորված աշխատանքները, որից հետո խոսքը փոխանցվեց Հարթակի անդամ «Ալվան ծաղիկ» ՀԿ-ի ներկայացուցչին, ով ներկայացրեց կազմակերպության իրականացրած նախագծերը և դրա հենքով պայմանավորված Հարթակին անդամակցման գործընթացը:
Մասնակիցներին ներկայացվեց նաև արդարադատության ոլորտի բարեփոխումների համատեքստում հաջողելու, #Ջուրեմոնիա հարթակին միանալու քայլերի, արդեն իսկ միացած կազմակերպությունների հետ համատեղ մշակված գրությունների/տեղեկանքների, ոլորտի դերակատարներին դրանք ներկայացնելու, քննարկելու ու լուծումներ առաջադրելու ամբողջական ալգորիթմը:
Հարց ու պատասխանի միջոցով դետալավորված քննարկվեց հարթակի նախաձեռնությամբ իրականացված գործողությունները, որոնք վերաբերում էին Արցախում հարուցված քրեական գործերի կամ արդեն կայացված դատական ակտերի ՀՀ օրենսդրությանը համապատասխանեցնելուն:
Սրանով պայմանավորված ներկայացվեց նաև Ճգնաժամային իրավիճակով պայմանավորված նոր դրամաշնորհների մրցույթների հայտարարման մասին:
Հանդիպման ավարտին մասնակից ՀԿ-ների ներկայացուցիչները բարձրաձայնեցին մարզային մակարդակով արդարադատության ոլորտի խնդիրների մասին, որոնք առնչվում էին քննվող գործերի խելամիտ ժամկետների բացակայությանը, դատական համակարգում մասնագետների թափուր հաստիքների առկայությանը, քննվող գործընթացների արդյունավետության համար նաև օժանդակող անձնակազմի ներգրավման խիստ անհրաժեշտությանը և դատարաններում անվտանգության հարցերի խստացմանը: