Մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք, որ արդեն հայտնի են #մեդիա ոլորտի ներկայացուցիչների համար հայտարարված դրամաշնորհային մրցույթի հաղթողները: Մրցույթը իրականացվել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ ընթացող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (#Juremonia #Ջուրեմոնիա) ծրագրի շրջանակում:
Ստացված 15 դիմում հայտերից գնահատող հանձնաժողովը հաղթող է ճանաչել`
«Սիվիլիթաս» հիմնադրամին, «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ին, անկախ լրագրողներ Արմենակ Դավթյանին և Աստղիկ Կարապետյանին։
Ընտրված ծրագրերի ոլորտային ծածկույթը և գործառույթները.
«Սիվիլիթաս» հիմնադրամ. «Վերլուծելով Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարությունը (2019-2022)» ծրագրի նպատակն է համապարփակ կերպով ուսումնասիրել Հայաստանի հակակոռուպցիոն 2019-2022 թթ․ ռազմավարությունը և գնահատել դրա իրականացումը։ Ծրագրի նպատակն է գնահատել հակակոռուպցիոն ինստիտուտների աշխատանքը, փաստաթղթավորել և զեկուցել կոնկրետ կոռուպցիոն դեպքերի վերաբերյալ, խթանել ժողովրդավարական արժեքները հակակոռուպցիոն միջոցառումների միջոցով:
«Հետաքննող լրագրողներ» ՀԿ. «Աջակցություն քաղաքացիների արդար դատաքննության իրավունքի պաշտպանությանը» ծրագրի նպատակն է ի հայտ բերել դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար ԲԴԽ-ի կիրառած գործիքների արդյունավետությունը, Ռազմավարությամբ նախատեսված գործիքները չկիրառելու պատճառները և նպաստել ռազմավարությամբ նախատեսված գործիքների կիրառմանը:
Արմենակ Դավթյան. «Իմ ձայնը լսվում է» ծրագիրը նպատակ ունի նպաստել Հայաստանում պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի բարելավմանը` հրապարակումների (հոդվածներ, տեսանյութեր, ռադիոհաղորդումներ, փոդքասթներ), ինչպես նաև համապատասխան կառույցներից պարզաբանումներ ստանալու միջոցով:
Աստղիկ Կարապետյան. «Բարեփոխումների մեկնաբանում» ծրագրի նպատակն է օգնել մարդկանց տեղեկացված որոշումներ կայացնել իրենց կյանքի, իրավական և դատական համակարգի և կառավարության վերաբերյալ: Լրատվամիջոցների դերը երկակի է. տեղեկացնել/կրթել/հզորացնել այն հասարակություններին, որտեղ նրանք գործում են, և հանդես գալ որպես հսկիչ, այսինքն՝ պատասխանատվության ենթարկել կառավարություններին և նրանց, ովքեր իշխանության ղեկին են: