News

Մագիստրոսական ծրագիր և մոդուլներ. MAJust

Ամփոփվել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ ընթացող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» ծրագրի շրջանակում բարձրագույն ուսումնական հաստատությունների համար (ԲՈՒՀ) հայտարարված առաջին դրամաշնորհային մրցույթը:

3 հայտ ներկայացրած ԲՈՒՀ-երից նախնական փուլը հաղթահարել էին 2-ը, որոնց և տրվել էր հնարավորություն լրացնել դրամաշնորհային ամողջական փաթեթը:

Հիշեցնենք, որ ենթադրամաշնորհի նպատակն է օժանդակել հայաստանյան ԲՈՒՀ-երին մշակել Արդարադատության մատչելիության ոլորտում առկա կրթական ծրագրերի (առարկաների) նոր մոդուլներ և/կամ նոր կրթական ծրագիր և մոդուլներ: 
Ուրախ ենք տեղեկացնել, որ  Եվրասիա միջազգային համալսարանը այս մրցույթում ճանաչվել է հաղթող`  նորարարական մոտեցումներով և լուծումներով հագեցած «Արդարադատության մատչելիություն. տեսություն և պրակտիկա» մագիստրոսական ծրագիր և մոդուլներ (MAJust) անվան նախագծով:
 
MAJust-ի շրջանակում պատրաստվելու են միջգիտակարգային մասնագետներ՝ զինված արդիական գիտելիքներով ու հմտություններով, որոնք անհրաժեշտ են արդարադատության ոլորտի բարեփոխումների արդյունավետ մշակման, իրականացման, մշտադիտարկման և գնահատման համար՝ միջազգային ստանդարտներին և լավագույն փորձին համապատասխան։ Ակնկալվում է, որ ծրագիրը կդյուրացնի եռախոսությունը կրթագիտական հաստատությունների, պրակտիկայի և հասարակության միջև ու կբարձրացնի գիտական հաստատությունների դերը Հայաստանում օրենքի գերակայության ամրապնդման մեջ։
Ծրագիրը իրականացնելիս կցուցաբերվի միջգիտակարգային մոտեցում և կներգրավեն միջազգայնորեն ճանաչված հետազոտողներին՝ տեղի մասնագետների կարողությունները զարգացնելու համար։ Նոր մագիստրոսական ծրագրի մոդուլները կառաջարկվեն ոլորտում ներգրավված անձանց և այլ համալսարանների ուսանողներին որպես ցկյանս ուսուցման հնարավորություն՝ տրամադրելով համապատասխան վկայական (սերտիֆիկատ)։ Ծրագիրը կաջակցի նաև արդարադատության ոլորտի բարեփոխումներին՝ համապատասխան աշխատանքներում ներգրավված անձանց հետ սիներգիկ փոխգործակցության խթանման, ուսանողների գործնական հմտությունների զարգացման, արդարադատության համակարգի բարեփոխումների գործընթացում ներգրավված տարբեր մասնակիցներին մեթոդաբանական և հետազոտական աջակցության տրամադրման, ինչպես նաև հանրային բանավեճի խթանման ու խրախուսման, համապատասխան գործընթացների վերաբերյալ երիտասարդների, լրագրողների, սոցիալական աշխատողների և այլոց իրազեկության մակարդակի բարձրացման միջոցով։
Ենթադրամաշնորհային ծրագրի տևողությունն է` 15.02.2024-15.08.2025