News

JUREMONIA նախագծի մեկնարկ

2022թ.-ի ապրիլի 13-ին ՀՀ Արդարադատության փոխնախարար Ա. Սարգսյանի մենթորությամբկայացած «Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի նոր ռազմավարության հիմնախնդիրներ» թեմայով համաժողովի շրջանակներում մեկնարկեց նաև «ՀՀ-ում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» ծրագրի բացման արարողությունը։

ԵՄ ֆինանսական աջակցությամբ 2022թ.-ի փետրվարին մեկնարկած, Նիդերլանդների հելսինկյան կոմիտեի, «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպության, «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի, և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի կոնսորցիումի կողմից իրականացվող ծրագրի նպատակն է խթանել ՀԿ ոլորտի իմաստալից դերը արդարադատության  ոլորտի բարեփոխումներում: Համաժողովի ընթացքում «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի նախագահ Արշակ Գասպարյանը և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի նախագահ Արտակ Կիրակոսյանը մանրամասն ներկայացրին չորս տարի տևողությամբ ծրագրի առջև դրված խնդիրների, հիմնական թիրախների, ներդրվող ինստիտուցիոնալ մեխանիզմների և ակնկալվող արդյունքների մասին: Մասնավորապես. կիրականացվի արդարադատության ոլորտի բարեփոխումների մոնիտորինգի և գնահատման համար ուսումնական պլանի, ուղեցույցի, գործիքների մշակում, կստեղծվի ՔԱ ոլորտի բարեփոխումների ՀԿ հարթակ, կտրամադրվի արդարադատության մատչելիության վերաբերյալ մոնիտորինգի  և հետազոտական դրամաշնորհներ, ինչպես նաև կմշակվի և կառավարությանը  կներկայացվի բարեփոխումների իրականացման վերաբերյալ հետազոտությունների և մոնիտորինգի հաշվետվություններ: «ՀՀ-ում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» ծրագրի թիմի ներկայացուցիչները սահմանված ծրագրային ուղենիշերից առանձնակի շեշտադրեցին նաև գործընկեր կառույցների հետ համատեղ աշխատանքի կարևորությունը: Որպես ծրագրային գործընկերներ հանդես կգան ՀՀ արդարադատության նախարարությունը, ՀՀ Ոստիկանությունը, ՀՀ Քննչական մարմինները, ՀՀ դատախազությունը, ՀՀ դատարանները, ՔԿ և Պրոբացիայի ծառայությունները: Համաժողովի ընթացքում, ուր ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարության,  ՀՀ Ոստիկանության, այլ պետական գերատեսչությունների, ինչպես նաև հասարակական սեկտորի ներկայացուցիչներ, քննարկվեց նաև Կառավարության որոշմամբ հաստատված քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քառամյա ռազմավարության 2021թ.-ի համար նախատեսված միջոցառումների կատարողականը, Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի գործող ռազմավարության սպասվող փոփոխությունները, ինչպես նաև նախանշվեց Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի ապագա երկարաժամկետ ռազմավարության ուղղություններն ու թիրախները: