2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական նոր օրենսգրքով, թեև հանցագործության փուլերը նույնն են (հանցագործության նախապատրաստություն, հանցափորձ և ավարտված հանցագործություն), սակայն փոփոխվել են դրանց հասկացությունները, մասնավորապես՝ արդեն հանցագործություն է նաև ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների նախապատրաստությունը:
Նախապատրաստության հասկացությունը օրենսգրքի 43-րդ հոդվածում ձևակերպված է հետևյալ կերպ՝ «Հանցագործության նախապատրաստություն է համարվում դիտավորությամբ հանցանք կատարելու համար գործիք կամ միջոց ձեռք բերելը, գործիքը կամ միջոցը հարմարեցնելը կամ դիտավորությամբ այլ պայման ստեղծելը, եթե անձն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողանում սկսել դիտավորության մեջ ընդգրկված հանցանքի օբյեկտիվ կողմի կատարումը:
Եթե դիտավորությամբ հանցանք կատարելու համար գործիք կամ միջոց ձեռք բերելը, գործիքը կամ միջոցը հարմարեցնելը կամ դիտավորությամբ այլ պայման ստեղծելն այլ ավարտված հանցագործության հատկանիշներ է պարունակում, ապա արարքը որակվում է հանցագործությունների համակցությամբ:»
Քրեական նոր օրենսգրքում նշվում է ոչ թե անձի կամքից անկախ հանգամանքներովհանցագործությունն ավարտին չհասցնելու մասին, այլ այն մասին, որ հանցավորը չի կարողանում սկսել հանցագործության օբյեկտիվ կողմը։
Հանցափորձի հասկացությունը և տեսակները սահմանված են օրենսգրքի 44-րդ հոդվածով։ Ըստ այդ հոդվածի 1-ին մասի․ «Հանցափորձ է համարվում դիտավորյալ այն գործողությունը կամ անգործությունը, որն անմիջականորեն ուղղված է հանցանք կատարելուն և պարունակում է սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված հանցակազմի հատկանիշներ, սակայն անձի դիտավորության մեջ ընդգրկված հանցագործությունը նրա կամքից անկախ հանգամանքներով չի իրագործվում տվյալ հանցակազմի որևէ հատկանիշի բացակայության հետևանքով:»
Հանցափորձի հասկացության մեջ, ի տարբերություն նախորդ օրենսգրքի, շեշտը դրվում է նրա վրա, որ հանցափորձի ժամանակ կարևորը ոչ թե այն է, որ հանցագործությունը չի ավարտվում, այլ այն, որ չի իրագործվում անձի դիտավորության մեջ ընդգրկված հանցագործությունը նրա կամքից անկախ հանգամանքներով։
Փոփոխության է ենթարկվել նաև ավարտված հանցագործության հասկացությունը: Օրենսգրքի 42-րդ հոդվածի համաձայն․ «Դիտավորյալ հանցագործությունը համարվում է ավարտված, եթե պարունակում է հանցավորի դիտավորության մեջ ընդգրկված հանցակազմի բոլոր հատկանիշները:»։ Քրեական նոր օրենսգրքում այդ հասկացության մեջ կարևորվում է հանցավորի դիտավորությունը: Այսինքն, ավարտված հանցագործությունն առկա է այն դեպքում, երբ արարքում առկա են հանցավորի դիտավորության մեջ ընդգրկված հանցակազմի բոլոր հատկանիշները: