News

Առաջարկություններ և քննարկում. «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքի նախագիծ, Ոստիկանության նոր ռազմավարություն

2024թ.-ի մարտի 27-ին կայացավ «Ջուրեմոնիա» հարթակի հերթական հանդիպումը: Հանդիպումը բացեց «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի նախագահ Արշակ Գասպարյանը, ով ողջունեց հարթակի անդամներին և ծրագրի առաջատար կազմակերպություն հանդիսացող Նիդերլանդների հելսինկյան կոմիտեի ներկայացուցիչներին։ Հանդիպման օրակարգի առաջին թեման վերաբերում էր «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքի նախագծին, ինչի մասին խոսեց Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի (ԻԶՊՀ) տնօրեն Գենյա Պետրոսյանը։ Թեմայի առնչությամբ ԻԶՊՀ-ն կատարել էր հետազոտություն դեռևս 2022 թ.-ին, որին հաջորդել էր ԻԶՊՀ-ի ներգրավումը «Կատարողական վարույթի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակումն իրականացնող Արդարադատության նախարարության աշխատանքային խմբում, ինչի արդյունքում հնարավոր է դարձել նախագծում ընդգրկել մի քանի առանցքային առաջարկություններ: Գենյա Պետրոսյանը ընդգծեց, որ նախագծով հնարավոր է դառնում անժառանգ գույքի բռնագանձումը։ Եթե ներկայում անժառանգ գույքը առանց որևէ պարտականության անցնում է համայնքին, իսկ դատական ակտը մնում է չկատարված, ապա այժմ հնարավոր է հօգուտ պարտապանի կայացված դատական ակտը կատարել պարտատիրոջ անժառանգ գույքի հաշվին։ Ստեղծվել են մեխանիզմներ, որոնց միջոցով գույքը կարող է օգտագործվել պարտքը մարելու համար։ Այս կարգավորումը անձի արդար դատաքննության իրավունքի ապահովման տեսանկյունից էական նշանակություն ունի` հաշվի առնելով դատական ակտի կատարման անհնարինության հիմքով կատարողական վարույթի ավարտվելու և դատական ակտերի անկատար մնալու բարձր ցուցանիշները։ Այդ նախագծով մեծամասամբ լուծվել է նաև կատարողական ծախսերի հաշվարկման ոչ տարբերակված համակարգի և բռնագանձված գումարի բաշխման հերթականության իրավաչափության հետ կապված խնդիրների մեծ մասը. նախագծում հնարավոր է դարձել փոփոխել նշված կարգավորումը՝ սահմանելով մինչև Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն կատարման դիմում ներկայացնելը պարտապանին ծանուցելու պարտականություն և դատական ակտը կամովին կատարելու հնարավորություն՝ առանց կատարողական ծախսերի, վճարների կատարման: Բանխոսը կարևորեց նաև գույքի բռնագանձման հետ կապված դատական ակտի կատարման անհնարինության մասին խնդիրը, քանի որ  հաճախ տվյալ անձը մինչև դատական ակտի ուժի մեջ մտնելը, իր գույքը գրում է մեկ այլ անձի անվամբ։ Այս առումով ուսունմնասիրվել է միջազգային փորձը, մասնավորապես, Խորվաթիայում գործող նմանատիպ օրենքը պահանջում է նաև երրորդ անձի գույքի հայտարարագրում, եթե այդ անձի գույքի ծագումը խնդրո առարկա է դառնում: Նման կարգավորում կարելի է կիրառել նաև ՀՀ-ում։

Մյուս հարցը դատական ակտերի կատարման ձգձգումն է, որի լուծման համար բանախոսը առաջարկեց Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարել և դատական ակտերի կատարման համար սահմանել ավելի նվազ ժամկետներ։ Նշվեց նաև, որ ներկա պահին նախագիծը ներկայացվել է ՀՀ Ազգային ժողով և գտնվում է օրենսդրի կողմից ընդունման փուլում։

Հանդիպման երկրորդ հատվածում Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի ծրագրերի ավագ ղեկավար Տաթևիկ Խաչատրյանը ներկայացրեց  ՀՀ Ոստիկանության 2024-2026թթ.. ռազմավարության և դրան կից գործողությունների պլանի վերաբերյալ առաջարկներ։ Զուգահեռ նա խոսեց 2020-2022թթ..Ոստիկանության ռազմավարության առնչությամբ արդեն իսկ իրականացված մշտադիտարկման արդյուքներից։ Բանախոսը մշտադիտարկման արդյունքների հիման վրա դուրս բերեց  ձեռքբերումները (Ներքին գործերինախարարության ձևավորումը` իր հստակ գործառույթների սահմանմամբ, Պարեկային ծառայության մոդելիներդնումը) և բացթողոմները (Քրեական ոստիկանության, Համայնքային ոստիկանության և Ազգային գվարդիայի ստեղծման ձախողում)։ Տաթևիկ Խաչատրյանը նշեց, որ Ոստիկանության նոր ռազմավարությունում առաջարկվել է փոխել ոստիկանի շփման և վերաբերմունքի մշակույթը՝ հատկապես խոցելի խմբերի հետ, կարևորել Ազգային գվարդիայի ձևավորումը և կանխարգելել  ցանկացած բնույթի խոշտանգումները։

Յուրաքանչյուր բանախոսի խոսքից հետո եղան նաև թեմաների առնչությամբ քննարկումներ, պարզաբանումներ, հարց ու պատասխան, միասնական նախաձեռնությունների մշակման ու հանդես գալու առաջարկություններ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *