News

Ներկայացնում են նոր ենթադրամաշնորհներ ստացած կազմակերպությունները

2023թ.-ի հուլիսի 19-ին կայացավ  #Juremonia հարթակի հերթական հանդիպումը, որի ժամանակ ներկայացվեցին երեք քաղաքացիական հասարակության կառույցների ծրագրերը, որոնք հաղթող էին ճանաչվել ԵՄ ֆինանսական աջակցությամբ ընթացող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում»  ծրագրի շրջանակում հայտարարված փոքր ենթադրամաշնորհների հատկացման մրցույթում:

Իրավաբան Շուշան Խնկոյանը ներկայացրեց «Նոր սերունդ» ՀԿ-ի ծրագիրը, որի նպատակն է վերլուծել ՀՀ 6 քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող անձանց կրթության իրավունքի հարցերը՝ համաձայն 2022թ.-ի մայիսի 25-ին փոփոխված ՀՀ Կրթության մասին օրենքի: Կմշտադիտարկվեն  նշված օրենսդրական բարեփոխումից բխող արդյունքների հասանելիությունը,   մասնակիցների ըտրման չափանիշները, խոչընդոտները, որոնց պատճառով հնարավոր չի եղել ներգրավվել հանրակրթություն ստանալու կարիք ունեցող բոլոր դատապարտյալներին, մանկավարժների ընտրության ընթացակարգերի թափանցիկությունը և անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերումը:

 «Մեդիա ակումբ» ՀԿ-ի նախագահ Նարինե Մաթևոսյը ներկայացրեց, որ հաղթած ծրագրի շրջանակում կուսումնասիրվեն իրավական և դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունների և հակակոռուպցիոն ռազմավարությունների ազդեցությունը Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի դատարաններում, կպարզվեն, թե ինչ փոփոխություններ և քայլեր են նախատեսվում բարեփոխումների ռազմավարության մեջ, որքանով է հնարավոր իրականացնել բարեփոխումներ նշված մարզերում, և ինչ է առկա փոփոխությունների արդյունքում։ Ի՞նչ խոչընդոտներ կան բարեփոխումների իրականացման ճանապարհին, որտեղ կան թերություններ և որո՞նք են դրանց հիմնական պատճառները։ Ն. Մաթևոսյանը նշեց նաև, որ ծրագրի հիմնական նպատակներից է նպաստել դատական համակարգի նկատմամբ հանրային վստահության աստիճանական բարձրացմանը:

«Սի Փի Ար» ՀԿ-ի նախագահ Տաթևիկ Ղարիբյանը  ներկայացրեց «Իրավունքի զարգացման և պաշտպանության»  հիմնադրամի  ծրագիրը, որի նպատակը դատական և իրավական բարեփոխումների մշտադիտարկում իրականացնելն է: Նախատեսվում է իրականացնել շահերի պաշտպանության գործողությունների, իրականացված և ընթացիկ բարեփոխումների որակական վերլուծություն/գնահատում: Գնահատման աշխատանքները մի կողմից կկենտրոնանան արդեն իրականացված բարեփոխումների (նախկին ընդունված Քրեական դատավարության օրենսգիրք) ազդեցության գնահատման վրա, իսկ մյուս կողմից՝ բովանդակալից ներդրում կունենան 2022-2026 թվականների դատաիրավական բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսված օրենսդրական փոփոխությունների մեջ։

Հանդիպմանը ներկա Հարթակի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչները հաղթող ենթադրամաշնորհային ծրագրերի իրականացնողների հետ քննարկեցին նաև մշտադիտարկումների իրականացման մեթոդաբանության, ընտրանքի, գործողությունների իրականացման ընթացակարգերի հարցերը:

Ենթադրամաշնորհային ծրագրերի գործողությունների շրջանակում գրանցված արդյունքերը, հաշվետվությունները և զեկույցները պարբերաբար կներկայացվեն և կքննարկվեն #Juremonia hարթակի անդամ կազմակերպությունների հետ` վեր հանված խնդիրները/առաջարկությունները միասնական ամփոփելու և համապատասխան կառույցներին դիմելու նկատառումով: