News

ՋՈՒՐԵՄՈՆԻԱ հարթակի ստեղծումը

2022 թ.-ի սեպտեմբերի 30-ին, ԵՄ ֆինանսական աջակցությամբ ընթացող, «Հայաստանում արդարադատության ոլորտի մշտադիտարկում» ծրագրի շրջանակում կայացած «ՀՀ արդարադատության ոլորտում ՀԿ-ների մշտադիտարկման կարողությունների զարգացում» քառօրյա դասընթացները եզրափակվեցին Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումների ՋՈՒՐԵՄՈՆԻԱ ՀԱՐԹԱԿ ստեղծելու պայմանավորվածությամբ և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից ՀՀ արդարադատության ոլորտի բարեփոխումների փոխըմբռնման և համագործակցության մասին հուշագրի ստորագրմամբ:

Հարթակի նպատակը արդարադատության ոլորտի բարեփոխումներում ՀԿ-ների կողմից իրական ներդրում և ազդեցություն ունենալն է՝ ոլորտային հետազոտությունների և ուսումնասիրությունների, մշտադիտարկումների, ջատագովության և որոշում կայացնողների հետ երկխոսության միջոցով։

Մինչ ստորագրման բուն գործողությունը, «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի նախագահ Արշակ Գասպարյանը դասընթացների մասնակիցներին հակիրճ ներկայացրեց #Juremonia նախագիծը, այն իրականացնող, կառավարող և աջակցող կառույցները: Բանախոսը ավելի մանրամասն խոսեց նախագծի թիրախային գործողություններից մեկի՝ արդարադատության ոլորտի բարեփոխումների հարթակի ստեղծման նախադրյալների և այս ոլորտում առկա ռեսուրսների կոնսոլիդացման անհրաժեշտության մասին: Առաջարկվեց միավորել առկա ուժերը, ամրապնդել կառավարության և քաղաքացիական հասարակության միջև երկխոսությունը, ուղիղ ներդրում և ազդեցություն ունենալ հայեցակարգային և/կամ ռազմավարական ոլորտային գործընթացներում և փաստաթղթերի մշակման գործընթացներում:

Առանձնացվեցին Հարթակի գործունեության չորս ուղղություններ`

  1. Իրավական և դատական բարեփոխումներ
  2. Քրեակատարողական և Պրոբացիայիոլորտների բարեփոխումներ
  3. Ոստիկանության բարեփոխումներ
  4. Հակակոռուպցիոն բարեփոխումներ

Արշակ Գասպարյանը մանրամասնեց նաև Հարթակի աշխատանքների կազմակերպման որոշ հարցեր։ Մասնավորապես՝ ներկայացվեց Հարթակի քարտուղարության առկայությունը, որը մոտակա չորս տարիների ընթացքում կվարի «Սոցիալական արդարություն» հասարակական կազմակերպությունը՝ համակարգելով Հարթակի օրակարգային հարցերը, անդամների մասնակցությունը, Հարթակի գործունեության հանրայնացման հարցերը և այլն։ Հաշվի առնելով արդարադատության ոլորտի տարբեր ճյուղերում ներկայումս ընթացող խիստ ակտիվ գործընթացները՝ պայմանավորվածություն ձեռք բերվեց հանդիպել ամսական առնվազն մեկ անգամ։ Իսկ աշխատանքներն առավել արդյունավետ և համակարգված դարձնելու նպատակով, Հարթակը կունենա վերը նշված ուղղությունների անվամբ չորս աշխատանքային խմբեր, որտեղ կընդգրկվեն տվյալ ոլորտներում առավել պատրաստված և փորձառու կամ նման հետաքրքություններ ունեցող կազմակերպություններ։

Միջոցառման ավարտին հուշագիրը ստորագրեցին 17 կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հարթակի աշխատանքներին ավելի շատ ՀԿ-ներ միանալու նկատառումով Հուշագիրը կշրջանառվի նաև ոլորտում գործունեություն ծավալող այլ կազմակերպությունների շրջանում: