Research

Կալանքի ժամկետի հաշվարկը

Խափանման միջոց կալանքի ժամկետների հաշվարկի մասով գործնականում առկա է ոչ միանշանակ մոտեցում և պրակտիկա: Փորձենք քննարկել առկա մոտեցումները: Որպես կանոն քրեակատարողական հիմնարկները կալանավորված անձին ազատ են արձակում՝ սպասելով որ լրանա վերջին օրվա այն ժամը, որն համապատասխանում է փաստացի արգելանքի վերցնելու ժամին: Ստացվում է, որ կալանքի ժամկետը հաշվվում է փաստացի ժամով:

Բանն այն է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 6-րդ մասը սահմանում է, որ կալանքի տակ պահելու ժամկետը հաշվվում է անձին ազատությունից փաստացի զրկելու պահից:

«Զրկելու պահը» եզրույթը մեկնաբանելիս նկատի պետք է ունենալ ինչպես օրը, այնպես էլ՝ ժամը: Այլապես օրեսգրքում կսահմանվել «զրկելու օրվանից» եզրույթը:

Սա հատկապես արդիական է, երբ անձը մինչ կալանավորվելը ձերբակալվում է: Օրեքը պահանջում է ֆիքսել ձերբակալման հատկապես ժամը, որից էլ սկսվում են մնացած հաշվարկները: Հնարավոր են դեպքեր, երբ անձը չլինի ձերբակալված, սակայն դատարանի որոշմամբ նրա նկատմամբ ընտրվի կալանքը որպես խափանման միջոց: Այս դեպքում նույնպես, երբ կալանավորումը փաստացի իրականացվի, միևնույն է անհրաժեշտ է լինելու արձանագրել ազատությունից փաստացի զրկելու պահը: Բոլոր դեպքերում կարևոր է ֆիքսել անձին ազատությունից փաստացի զրկելու պահը: Սակայն պետք է հասկանալ, թե դա ինչի համար է անհրաժեշտ, և երբ է պետք գալու փաստացի ազատությունից զրկելու պահի վերաբերյալ տեղեկությունը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը ժամով հաշվարկում է միայն ձերբակալումը: Օրինակ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 109-րդ[1] հոդվածով սահմանված կարգով իրականացված ձերբակալումը չի կարող տևել 72 ժամից ավելի: Նրա նկատմամբ համապատասխան խափանման միջոց կիրառելու հարցը լուծելու համար մեղադրյալը պետք է դատարան տարվի ոչ ուշ, քան ձերբակալման պահից 60 ժամվա ընթացքում: Եթե ձերբակալվածի նկատմամբ ձերբակալման պահից 72 ժամվա ընթացքում դատարանի որոշմամբ չի ընտրվում կալանք, ապա նա ենթակա է անհապաղ ազատ արձակման:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 111-րդ[2] հոդվածով նախատեսված հիմքով իրականացված ձերբակալումը չի կարող տևել 24 ժամից ավելի:

Սակայն խափանման միջոց կալանքի վերաբերյալ նորմերն ուսումնասիրելիս, տեսնում ենք, որ այն հաշվարկվում է ամիսներով (որոշակի դեպքերում, երբ օրինակ դատարանը որոշի կալանավորման ժամկետը երկարացնել 15 օրով, օրերով):

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածը սահմանում է, որ անձին կարելի է կալանքի տակ պահել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է վարույթի բնականոն ընթացքն ապահովելու համար, և քանի դեռ առկա են անձին կալանքի տակ պահելու հիմքերը, սակայն ամեն դեպքում այդ ժամկետը չի կարող գերազանցել սույն հոդվածով կալանքի տակ պահելու համար սահմանված առավելագույն ժամկետները:

Նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ մինչդատական վարույթում կալանքը կարող է կիրառվել, կամ դրա ժամկետը կարող է երկարաձգվել յուրաքանչյուր դեպքում երկու ամսից ոչ ավելի ժամկետով` պահպանելով սույն հոդվածով սահմանված մինչդատական վարույթում կալանքի տակ պահելու առավելագույն ժամկետները:

3-րդ մասը սահմանում է, որ մինչդատական վարույթում կալանքի տակ պահելու առավելագույն ժամկետն է`

1) չորս ամիս` ոչ մեծ ծանրության հանցագործության համար մեղադրվելու դեպքում.

2) վեց ամիս` միջին ծանրության հանցագործության համար մեղադրվելու դեպքում.

3) տասը ամիս` ծանր հանցագործության համար մեղադրվելու դեպքում.

4) տասներկու ամիս՝ առանձնապես ծանր հանցագործության համար մեղադրվելու դեպքում:

  1. Դատական վարույթում կալանքը կարող է կիրառվել կամ դրա ժամկետը կարող է երկարաձգվել յուրաքանչյուր դեպքում երեք ամսից ոչ ավելի ժամկետով:

Ինչպես տեսնում ենք, ժամկետները նշվում են ամիսներով և խոսք չկա ժամերի մասին:

«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենք 29-րդ հոդվածը սահմանում է, որ կալանավորված անձը կալանավորվածներին պահելու վայր փոխադրվելուց անմիջապես հետո գրանցվում է դրա համար նախատեսված գրանցամատյաններում և անհատական քարտերում: Կալանավորված յուրաքանչյուր անձի համար վարվում է անձնական գործ, որում պարտադիր կարգով պետք է ներառվեն ընդունելու և արգելանքից կամ կալանքից ազատելու տարեթվերն ու ամսաթվերը:

Այստեղ նույնպես տեսնում ենք, որ օրենսդիրը կարևորել է տարեթիվն ու ամսաթիվը և չի սահմանել պարտականություն՝ նշելու ազատման ժամը:

«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի 42-րդ հոդվածը սահմանում է, որ կալանքից ազատվող կալանավորված անձին վերադարձվում են նրա անձնական փաստաթղթերը, իրերը, անձնական հաշվում եղած դրամը, ինչպես նաև տրվում է տեղեկանք, որում նշվում են ձերբակալվածներին պահելու վայրում կամ կալանավորվածներին պահելու վայրում գտնվելու ժամկետը (օրինակ՝ 4 ամիս), տարեթվերը, ամսաթվերը և արգելանքից կամ կալանքից ազատվելու հիմքերը:

Այստեղ նույնպես տեսնում ենք, որ ժամը չի կարևորվել և չկա պահանջ ժամը նշելու:

Սակայն երբ գալիս է կալանքից ազատելու ժամանակը, հարց է առաջանում, թե կոնկրետ ե՞րբ պետք է ազատել կալանավորվածին, կամ միչև ե՞րբ է կարելի պահել:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է

  1. Իրավասու անձը մեղադրյալին ազատում է կալանքից, եթե՝

(…)

5) լրացել է դատարանի կողմից սահմանված կալանքի ժամկետը[3], և չի ստացվել այն երկարաձգելու մասին դատարանի որոշումը.

6) լրացել է անձին կալանքի տակ պահելու՝ սույն օրենսգրքով սահմանված առավելագույն ժամկետը[4].

7) սույն օրենսգրքով սահմանված կարգով կալանքը որպես խափանման միջոց փոխվել կամ վերացվել է:

(…)

  1. Սույն հոդվածի 1-ին մասի 5-7-րդ կետերով նախատեսված դեպքերում կալանքի տակ պահելու վայրի վարչակազմի ղեկավարը մեղադրյալին անմիջապես ազատում է կալանքից:

Նշված հոդվածում տեսնում ենք ազատելու պահանջի մասին կարգավորում, երբ լրացել է դատարանի կողմից սահմանված կալանքի ժամկետը, և չի ստացվել այն երկարաձգելու մասին դատարանի որոշումը, կամ լրացել է անձին կալանքի տակ պահելու օրենսգրքով սահմանված առավելագույն ժամկետը, սակայն թե  ի վերջո ո՞ր ժամին պետք է ազատել, կարգավորված չէ, բացառությամբ նշված հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի:

Նշված հարցի պարզաբանման համար մեկնաբանում և կիրառում ենք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի այլ համապատասխան հոդվածներ: Մասնավորապես, 171-րդ հոդվածը սահմանում է ժամկետների հաշվարկման կարգը: Ըստ այդ հոդվածի՝

  1. Սույն օրենսգրքով սահմանված ժամկետները հաշվվում են ժամերով, օրերով, ամիսներով և տարիներով:
  2. Ժամկետները հաշվելիս նկատի չի առնվում այն ժամը կամ օրը, որից սկսվում է ժամկետների ընթացքը:
  3. Ժամկետն օրերով հաշվելիս ժամկետի ընթացքն սկսվում է առաջին օրվա գիշերվա զրո ժամից և վերջանում վերջին օրվա գիշերվա ժամը 24․00-ին: Ժամկետն ամիսներով կամ տարիներով հաշվելիս ժամկետը վերջանում է վերջին ամսվա համապատասխան օրը, իսկ եթե տվյալ ամիսը չունի համապատասխան ամսաթիվ, ապա ժամկետն ավարտվում է այդ ամսվա վերջին օրը: Եթե ժամկետը լրանալու օրը ոչ աշխատանքային է, ապա ժամկետի վերջին օր է համարվում դրան հաջորդող առաջին աշխատանքային օրը, սակայն այս կանոնը չի կիրառվում անձի ազատության սահմանափակման հետ կապված ժամկետները հաշվելիս:

Տեսնում ենք, որ կալանքի ժամկետը հաշվելիս պետք է գործ ունենանք օրերով հաշվվող ժամկետի հետ, քանի որ կալանքի ժամկետի ավարտը կապվում է վերջի ամսվա համապատասխան օրվա հետ: Օրենքի վերլուծությունը թույլ է տալիս հանգել այն եզրակացության, որ ժամկետը պետք է վերջանա վերջին օրվա գիշերվա ժամը 2400-ին: Իսկ փաստացի արգելանքի վերցվելու ժամն ու րոպեն այլևս պիտանի չեն և այս դեպքերում հաշվի չեն առնվում:

Նման մոտեցում է առկա նաև ՌԴ գերագույն դատարանի պլենումի 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 41 որոշման մեջ: Որտեղ նշված է, որ կալանքի ժամկետը հաշվվում է օրերով և ամիսներով: Կալանքի ժամկետն ավարտվում է վերջին օրվա ժամը 24:00-ին: Փաստացի արգելանքի վերցվելու ժամը հաշվի չի առնվում:  Դատարանները պետք է որոշեն ոչ միայն կալանքի ժամկետը, այլև ավարտվելու ամսաթիվը[5]:

Մենք տեսնում ենք, որ կալանքի ժամկետը լրանալիս չպետք է առաջնորդվել փաստացի արգելանքի վերցնելու ժամով և չպետք է սպասել, մինչև լրանա համապատասխան ժամը նոր ազատ արձակել: Նման մոտեցումը հավանաբար պայմանավորված է այն հանգամանքով, որ առնվազն դատարանի որոշած ժամկետն ապահովվի և որոշակի ժամերով հանկարծ պակաս չլինի նշանակված կալանքի ժամկետը:

Մյուս կողմից, օրենքի տառին էլ հետևելիս, տեսնում ենք, որ վերջին օրվա ժամը 24:00-ին նոր ազատելը, համեմատած «ժամերով հաշվարկի», վատթարացնող ազդեցություն ունի, քանի որ կալանավորվածը իր փաստացի արգելանքի վերցվելու ժամից ավելի ժամկետով է զրկվում ազատությունից՝ մինչև լրանա 24:00-ն, որպեսզի ազատ արձակվի:

Այստեղ տեղին է հիշել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածով սահմանված Անձի ազատության և անձնական անձեռնմխելիության սկզբունքը, որ սահմանում է, որ վարույթի ընթացքում անձի նկատմամբ հարկադրանքի միջոցները կարող են կիրառվել ոչ այլ կերպ, քան սույն օրենսգրքով սահմանված հիմքերով և կարգով: Իսկ օրենքով սահմանված կարգը մեզ պարտավորեցնում է կալանքից ազատել վերջին օրվա ժամը 24:00-ից հետո:

Նույն իրավիճակը ունենք տնային կալանք խափանման միջոցի դեպքում, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է, որ տնային կալանքի կիրառման կարգի, ժամկետների և բողոքարկման վրա տարածվում են կալանքի համար սույն օրենսգրքով սահմանված դրույթները: Բացի այդ սահմանում է, որ տնային կալանքի մեկ օրը հավասար է կալանքի մեկ օրվան:

Այսինքն, տնային կալանքի ժամկետի լրացման, անձին ազատ արձակելու դեպքում նույնպես առաջանում են վերոնշյալ խնդիրները: Հատկապես վերջին օրվա ընթացքում, երբ պետք է պրոբացիայի աշխատակիցը էլեկտրոնային միջոցը հանի և այսպես ասած, անձին ազատ արձակի: Ստացվում է, որ այս դեպքում նույնպես, կիրառելով կալանքի ժամկետների  համար օրենսգրքով սահմանված դրույթները, անձին պետք է ազատել վերջին օրվա ժամը 24-ին:

Խնդիրն էլ ավելի է բարդանում, երբ կալանքի ժամկետը չի երկարացվում և փոխարինվում է տնային կալանքով: Օրինակ, քրեակատարողական հիմնարկն անձին ազատում է ժամը 03:30-ին, քանի որ ձերբակալվել էր այդ ժամանակ (կամ օրենքի տառից ելնելով՝ ժամը 24:00-ից հետո[6]) և անհրաժեշտություն կա կիրառելու տնային կալանքը, որն արդեն պետք է իրականացնի մեկ այլ մարմին՝ ՀՀ պրոբացիոն ծառայությունը:

«Պրոբացիայի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է. «Այլընտրանքային խափանման միջոց կիրառելու մասին իրավասու մարմնի որոշումն ստանալուց հետո պրոբացիայի ծառայողն անհապաղ, բայց ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում պարզում է պրոբացիայի շահառուի գտնվելու վայրը, նրա հետ կապ է հաստատում, նրան պատշաճ ծանուցում է տարածքային մարմին ներկայանալու վերաբերյալ, իսկ տնային կալանք այլընտրանքային խափանման միջոցի դեպքում այցելում է պրոբացիայի շահառուի բնակության վայր, կազմում պրոբացիայի շահառուի անձնական գործ, վերահսկողության պլան, լրացնում հաշվառման քարտ: Վերահսկողության սկիզբը հաշվվում է պրոբացիայի շահառուին հաշվառման վերցնելու պահից

Ստացվում է, որ գիշերն ազատված անձն անորոշ կարգավիճակում է գտնվում, քանի դեռ Պրոբացիայի ծառայությունը փաստացի հաշվառման չի վերցրել: Իսկ մինչև վերցնի հաշվառման, օբյեկտիվորեն անցնելու է ժամանակ, քանի որ առնվազն գիշերային ժամերին (մեծ հաշվով կարևոր չէ, թե անձն ազատվել է «ժամային մոդելով» 03:30-ին, թե «Օրենքի տառով»՝ 24:05-ին) «անհապաղ» արձագանքելն անհնարին է:

Անհնարինությունը պայմանավորված է ինչպես աշխատանքի արդյունավետ կազմակերպման խնդիրներով, այնպես էլ դատական ակտի ստացման հանգամանքով: (եղանակ, սուբյեկտ և այլն):

Ստեղծված իրավիճակի համար առաջարկվում է լուծման տարբերակ, որը մեր կարծիքով կարող է որոշակիորեն թեթևացնել ստեղծված իրավիճակը:

Առաջարկվում է օրենքով հստակ սահմանել կալանքից (տնային կալանքից) ազատելու ժամանակահատվածը պատժից ազատելու կարգավորման նմանությամբ: Այսպես, ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 131-րդ հոդվածը սահմանում է.

«1. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու, ազատության սահմանափակման, կարճաժամկետ ազատազրկման, ազատազրկման կրումը դադարեցվում է պատժի ժամկետի վերջին օրը՝ հաշվի առնելով այն փոփոխությունները, որոնք օրենքով սահմանված կարգով կարող են կատարվել պատժի ժամկետի մեջ։

  1. Կարճաժամկետ ազատազրկման կամ ազատազրկման դատապարտված անձըպատժից ազատվում է պատժի ժամկետի վերջին օրվա առաջին կեսին։»

Կարծում ենք, որ, եթե կալանքից ազատելը տեղի ունենա վերջին օրվա  առաջին կեսին, այն չի հանգեցնի դատարանի նշանակած ժամկետից շուտ ազատելուն, քանի որ նախ սահմանված կլինի օրենքով, երկրորդ՝ պատժի կրման դեպքում էլ անձը ազատվում է դատարանի նշանակած պատժից (օրինակ՝ 2 տարի ազատազրկում) 12 ժամ շուտ:

Այս կարգավորումն ունի մի շարք առավելություններ՝

  1. Նախ կալանավորված անձինք ստիպված չեն լինի օրենքի պահանջը կատարելու համար մի քանի ժամ ավել մնալ կալանքի տակ:
  2. Փոխարենը, այն կլուծի մարդասիրական մի շարք հարցեր, սկսած՝ ամենապարզ կենցաղային հարցերից՝ օրինակ՝ քրեակատարողական հիմնարկից բարեհաջող տուն վերադառնալուց: Անհամեմատելի է, երբ անձին ազատում ենք գիշերային ժամին:
  3. Պետական մարմինների համագործակցության արդյունավետության շեմն անհամեմատ կբարձրանա: Օրինակ, եթե անհրաժեշտություն կա կալանքից ազատված անձի նկատմամբ կիրառել տնային կալանք: Այն արդեն հնարավոր կլինի իրականացնել ցերեկային (աշխատանքային) ժամերի: Հնարավոր կլինի իրագործել «Պրոբացիայի մասին» օրենքով սահմանված «անհապաղ» արձագանքելը:
  4. Անձնական կյանքը հարգելու սկզբունքը անհամեմատ ավելի պահպանված կլինի և գիշերային ժամերին անհրաժեշտություն չի լինի այցելել բնակության վայր և տնային կալանքից ազատել անձին: Հարգանքի արժանի է նաև բնակության վայրում գտնվող մնացածի անձնական կյանքը:
  5. Չի խաթարվի կալանավորված անձանց հանգստի իրավունքը, երբ գիշերային ժամերին պետք է արթնացնել և նախապատրաստել ազատման կալանավորված անձին: Մնացած կալանավորվածների հանգստի իրավունքը նույնպես պետք է հարգվի:
  6. Կբացառվի փաստացի արգելանքի վերցնելու «ճիշտ պահի» արձանագրման հետ կապված հնարավոր խնդիրներն ու չարաշահումները:

«Բացասական ռիսկերից» միայն ունենում ենք այն, որ անձը պակաս ժամերով կկրի դատարանի որոշած կալանքը: Սակայն այստեղ հարկ է նշել, որ եթե դատարանը որոշել է, որն անձն արժանի է ազատման, կալանքի ժամկետը երկարացնելու անհրաժեշտություն չկա, նախկին ռիսկերն այլևս չեզոքացված են կամ այն աստիճան նվազ են, որ հնարավոր է այլընտրանքային խափանման միջոցով չեզոքացնել, ապա մի քանի ժամ շուտ ազատելը որևէ քրեադատավարական խնդիր չի կարող առաջացնել: Այնպես, ինչպես չի կարող առաջացնել դատարանի դատավճռով ազատությունից զրկված անձի դեպքում, երբ ազատվելում է մի քանի ժամ շուտ՝ վերջին օրվա առաջին կեսին: Գտնում ենք, որ առկա ռիսկերի հավասարակշռումը պետք է կատարել հօգուտ մարդասիրության և լուծել մի շարք գործնականում առաջացող խնդիրներ:

            Հետևաբար առաջարկվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում կատարել համապատասխան փոփոխություն կամ լրացում՝ արձանագրելով, որ «Կալանավորված անձըկալանքից ազատվում է կալանքի ժամկետի վերջին օրվա առաջին կեսին»:

[1] Ձերբակալումը հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում

[2] Ձերբակալումը ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու համար

[3] Օրինակ՝ երկու ամիսը:

[4] Օրինակ՝ նախաքննության ընթացքում միջին ծանրության հանցագործության մեջ մեղադրվելու դեպքում՝ 6 ամիսը:

[5] Տես ՌԴ գերագույն դատարանի պլենումի 2013 թվականի դեկտեմբերի  19-ի N 41 որոշման 19-րդ և 20-րդ կետերը:

[6] Միևնույն է, մինչև ազատման հետ կապված գործողություններն ավարտվեն փաստացի անձն ազատության մեջ է լինելու շատ ավելի ուշ, մյուս կողմից փոխվում է օրը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *